«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 -ի Սիսիան-Քաջարան հատված։
Բանկի ներկայացուցիչները՝ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ, ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի ծրագրին, ճանապարհի՝ նախագծով սահմանված տեխնիկական պարամետրերին, զրուցել են հարակից բնակավայրերի բնակիչների հետ:
Երկրորդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60 կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ եւ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ: Ամենաերկար՝ Բարգուշատի թունելը մոտ 8,6 կմ երկարություն կունենա: