ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը հայտնել է, որ Հայաստանում դպրոցի տնօրեն դառնալը կհեշտանա:
Դպրոցի տնօրենի հավաստագրման համար, ըստ գործող կարգի, կարող է դիմել միայն բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի եւ կրթության կառավարման ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող վերապատրաստում անցած անձը:
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ փորձագետը նշել է, որ ԿԳՄՍ-ն հանրային քննարկման նախագծեր է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու քննություն կազմակերպելու, անցկացնելու, ինչպես նաեւ հանձնաժողով ձեւավորելու կարգերում փոփոխություն կատարելու մասին եւ առաջարկել հանել հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը։
«Տնօրենների ընտրության կարգը վստահություն չի ներշնչում հասարակությանը։ Նա, ով ուզում է դպրոցի տնօրեն դառնալ, մի քանի օրենք է սովորում, անգիր անում որոշ բաներ, թեստը լրացնում է, եւ վերջ։ Դրանից հետո ո՛չ այդ օրենքներն է կիրառում իր գործում, ո՛չ էլ թեստերը լրացնելով ինչ-որ հմտություններ է ձեռք բերում»,– նշել է Մխիթարյանը։
Նախագծի ընդունվելու դեպքում նոր կարգը ուժի մեջ կմտնի 2023-ի հունվարից: