Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը անդադար շեշտադրում են գործող վարչապետի եւ նրա կառավարության «ապազգային» բնույթը, եւ որ միայն «ազգային ուժերի» համախմբումով է հնարավոր փրկել Արցախը: Ավելին՝ նրանք վճռել են, թե Հայաստանի կառավարություններից որոնք են եղել «ազգային», եւ որոնք՝ «ապազգային»:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա «հոգեզավակ» (բնութագրումը կրկին ընդդիմությանն է, այն է՝ «ազգային ուժերինը») Նիկոլ Փաշինյանը Արցախը թողնում էին/են Ադրբեջանի կազմում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դեմ են այս դավաճանական ծրագրին:
1991-1994 թվականներին, երբ ազատագրվեց Շուշին, բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը, որով կյանքի կոչվեց Արցախի միացումը Հայաստանին, եւ ձեւավորվեց անվտանգության գոտին՝ ազատագրված տարածքները, Հայաստանի նախագահը (1991-1998) Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:
«Ազգային» ընդդիմությունն ու «ազգային» պատմագրությունը պնդում են, որ Տեր-Պետրոսյանը դեմ էր Շուշիի ազատագրմանը, Արցախի շուրջ անվտանգության գոտու ընդլայնմանը, եւ որ ազատամարտն ընթանում էր առաջին նախագահի կամքից անկախ, եւ որ նա անգամ տեղյակ չէր 1992-ի Շուշիի ազատագրման գործողությանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կյանք եւ ազատություն» գրքում հնարավոր բոլոր հնարքներով նսեմացնում է Տեր-Պետրոսյանի դերը եւ հաղթանակները քաշում իր կողմը:
Մի պահ եկեք մտածենք, որ 1991-1994 թվականներին Արցախը ազատագրել են ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի ու ՀՅԴ-ի, նաեւ ՀՀԿ-ի ջոկատները, Արցախի եւ Հայաստանի մեր հերոսական ժողովուրդը, մեր Սփյուռքը: Ի՞նչն էր խանգարում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում եւս, հակառակ Տեր-Պետրոսյանի եւ նրա «հոգեզավակ» Նիկոլ Փաշինյանի, նույն այդ «ազգային» ուժերն ու նրանց ղեկավարները պահեին այն ստատուս-քվոն, որ ձեւավորվել էր 1994-ի մայիսյան հաղթանակով եւ զինադադարով:
2020 թվականի այս օրը՝ նոյեմբերի 7-ին, ադրբեջանական զինուժն արդեն վերահսկողություն էր հաստատել Շուշիի մեծ մասի վրա, նախօրեին տեղի էր ունեցել մեծ տարհանումը: Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախում մնացած բնակչությունը տարհանվել էր, կառավարությունը տեղափոխվել էր Գանձասար, Ստեփանակերտը կարող էր ընկնել ժամերի ընթացքում: Ի՞նչն էր խանգարում, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը սեփականաշնորհած «ազգային» ուժերը փրկեին Շուշին եւ հակառակորդին հետ շպրտեին:
Պատերազմում, այդ թվում՝ Արցախյան, հաղթանակը եւ պարտությունը բազմաթիվ գործոնների համադրություն է: Անհատների դերը, անկասկած, կարեւոր է, երբեմն՝ վճռական ու ճակատագրական: Հայոց պատմագրությունը, սակայն, մեր հաջողությունների եւ անհաջողությունների հիմքում դնում է «ազգային» եւ «ապազգային», «հայրենասեր» եւ «դավաճան», «հայանպաստ» եւ «թրքահաճո» կատեգորիաները:
Եթե 1991-1994 թվականների Արցախյան առաջին հաղթանակը ընդդիմության ձեռքբերումն է, ապա նույն կերպ 44-օրյայի առաջին պատասխանատու եւ մեղավոր կարելի է համարել ընդդիմությանը: Ռոբերտ Քոչարյանը, նրա հովանու տակ գործող աշխարհիկ եւ ապաշխարհիկ ուժերը, սակայն, շարունակում են հաղթանակը համարել իրենցը, իսկ պարտության համար մեղադրել բացառապես Փաշինյանին:
Եթե պատերազմում հաղթում է «ազգային» եւ պարտվում «ապազգային» կառավարությունը, ապա 1920 թվականի աղետը ուղղակի չպիտի լիներ, Հայաստանը 6-7 շաբաթների ընթացքում չպետք է կորցներ Հայաստանի կեսը, այդ թվում՝ Կարսի մարզն ամբողջությամբ եւ Սուրմալուի գավառը, չպետք է հրաժարվեր Արցախը Խորհրդային Ադրբեջանի մաս ընդունելու դժոխային ընտրությունից, չպետք է իշխանությունը փոխանցեր բոլշեւիկյան Հայհեղկոմին:
Եթե առաջնորդվենք «ազգային» պատմագրության չափանիշներով, ապա 1920 թվականի աղետը եւ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի կորուստը պետք է բացառապես դնենք ՀՅԴ Բյուրո-կառավարության եւ նրա վարչապետ Համո Օհանջանյանի վրա:
Պատմության կեղծումը եւ կուսակցականացումը, սեփական ուժերը գերագնահատելու եւ հակառակորդին թերագնահատելու ախտը, երազանքների եւ առասպելների վրա քաղաքականություն կառուցելը, ժամանակը եւ հնարավորությունները ճիշտ չգնահատելը տանում են դեպի աղետ, ինչին հայ ժողովուրդը առերեսվեց 1920-ին եւ 2020-ին, առաջինը՝ «ազգային», երկրորդը՝ «ապազգային» կառավարության մեղքով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։