ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վ․ Բրյուսովի անվան Երեւանի լեզվաբանական համալսարանում հայտարարել է, որ ավանդականորեն Ռուսաստանը PR-ի տարր չի դիտարկում այն ամենը, ինչ անում է Հայաստանում եւ Հայաստանի համար՝ գերադասելով իրական գործերը: Դեսպանը նշել է, որ ՌԴ-ի համար Հայաստանն ու հայ ժողովուրդը եղբայրներ են, իրենց շատ բան է կապում։ Կոպիրկինը շեշտել է, որ հայերը ռուսական հասարակության բավական ազդեցիկ մասն են։
«Բնականաբար, մեզ համար շատ դժվար է ինչ-որ կերպ խզել այդ կապերը։ Հավանաբար, սովոր չենք նման PR-ով զբաղվել ու ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ, ու դա չի համապատասխանում մեր մտածելակերպին»,- բուհի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ նշել է Կոպիրկինը։
Ըստ դեսպանի՝ գուցե նման մոտեցումը միշտ չէ, որ ծառայում է գործին, բայց Ռուսաստանն ուշադրություն է դարձնում իր աշխատանքի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ «Հիմնական շեշտը դրվում է ոչ թե PR բաղադրիչի, այլ իրական բովանդակության վրա»,- ընդգծել է դեսպանը։