Ըստ Վրաստանի Պետռեգիստրի՝ Ռուսաստանի 2585 քաղաքացի 2022-ի մարտի 1-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը ձեռք է բերել 2964 բնակարան՝ 189 084 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Վրաստանում այս տարվա մարտից մինչեւ հոկտեմբերի կեսերը իրավաբանական անձ գրանցվածներից 711-ը ՌԴ քաղաքացիներ են, անհատ ձեռներեցի կարգավիճակ ստացել է ՌԴ 9789 քաղաքացի։
Միաժամանակ, ՌԴ 252 քաղաքացի ձեռք է բերել Վրաստանում 249 միավոր հողամաս՝ 37,9 հեկտար ընդհանուր մակերեսով։ Ձեռք բերված հողամասերից 61-ի վրա շինություններ չկան, մնացյալի վրա կան շինություններ կամ կառույցներ։
Վրաստանի օրենսդրությամբ՝ օտարերկրացիները Վրաստանում չեն կարող ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության հողամասեր։ Ըստ Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցպաշտպանության նախարարության տվյալների՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը Վրաստանում աշխատանքի է անցել 1493 օտարերկրացի, որից 977-ը՝ ՌԴ քաղաքացի։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստան մուտք գործել եւ մնացել է ՌԴ 112 հազար 733 քաղաքացի, որը Վրաստանի բնակչության 3,05 տոկոսն է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը