Ըստ The Wall Street Journal-ի՝ արեւմտյան երկրները մասնավոր քննարկում են անցկացնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր խաղաղության պայմանների հարցով: Պարբերականը նշել է, որ գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են Կիեւի գործողությունները սահմանափակող հրապարակային հայտարարություններից։
Ըստ պարբերականի՝ նկատի ունենալով հաղթանակի համար երկու կողմերի բարձր խաղադրույքները, ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Ուկրաինայի հակամարտությունը բանակցությունների միջոցով վերջ տալու մեծ հեռանկարներ չեն տեսնում։ Այդուհանդերձ, եվրոպական երկրները վճռականորեն են տրամադրված եւ շարունակելու են տնտեսական եւ ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին։
The Washington Post-ն էլ գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի կողմից Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն կոչ է անում բաց լինելու Ռուսաստանի հետ բանակցությունների համար, մյուս կողմից պնդում է, որ ուկրաինական կողմը հրապարակայնորեն հրաժարվի խաղաղ բանակցություններին մասնակցելուց, քանի դեռ Ռուսաստանը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ իր հերթին հայտարարել է, որ Կիեւը պետք է ինքնուրույն որոշի՝ բանակցե՞լ հրադադարի շուրջ, թե՞ ոչ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Կիեւը ներկայում չի ձգտում քննարկելու հնարավոր պայմանավորվածությունները։ Մինչդեռ, ըստ Ռուսաստանի ղեկավարի, դրանց հասնելու համար անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ լեզու գտնել։