Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ ներկա պահին Գեղարքունիքի տեղահանված բնակիչների մեծ մասը վերադարձել է բնականոն կյանքին, սակայն խնդիրները կան Սոթք եւ Կուտական բնակավայրերում:
«Սոթքում խոշոր վնասներ ստացած ընտանիքներն են, ավերված են տները։ Նրանց համար տներ ենք վարձակալել մինչեւ վերականգնելը։ Իսկ Կուտականում անվտանգության հետ կապված խնդիրներ կան»,– նշել է մարզպետը։
Մարզպետը շեշտել է, որ Գեղարքունիքի Կուտական բնակավայրը հակառակորդի դիտակետում է։ Միաժամանակ նա հավելել է, որ Գեղարքունիքում ադրբեջանական կողմից խախտումների դեպքերը նվազել են։ Ըստ Սարգսյանի՝ պատճառը սահմանին ԵՄ դիտորդների ներկայությունն է։
Գեղարքունիքի մարզպետը հայտնել է, որ ԵՄ 8 դիտորդներն իրենց առաքելությունն են կատարում Գեղարքունիքի 11 բնակավայրերի սահմանով եւ արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ՀՀ սահմանների ուղղությամբ։