«Թող ետ գան ցուրտ եւ մութ տարիները, բայց ես հաղթանակած հայրենիք ունենամ»,- այս բնույթի եւ ոճի գրառումներ Ֆեյսբուքում հաճախ են պատահում։ Շատերն էլ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի նախորդներն, այո՛, Արցախի հարցը չեն լուծել, բայց «հող էլ չեն հանձնել»։
Իսկ 2000-ականների սկզբի սերունդն առհասարակ կարծում է, որ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի «կապիտուլյացիան» մենք ունեինք ազատ եւ անկախ Արցախ, որտեղ կյանքն ուրախ էր, անհոգ։ Մինչդեռ եթե մեկը նեղություն քաշի, բացի այդ տարիների մամուլի արխիվները, ապա կհանդիպի շփման գծում ե՛ւ հրադադարի խախտման, ե՛ւ «դիպուկահարների պատերազմի», զոհերի ու վիրավորների մասին գրեթե ամենշաբաթյա պաշտոնական տեղեկությունների։
Պարզապես կրակոցները հնչում էին Ստեփանակերտից տասնյակ, Երեւանից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ինչ-որ «անանուն» դիրքերում, ձայները մեզ չէին հասնում։ Եվ անգամ շփման գծին մոտ բնակավայրերում մարդիկ չէին տագնապում։ Եթե անկեղծ լինենք, պիտի խոստովանենք, որ հերթական զոհի մասին չոր հաղորդագրությունն էլ լսում, գնում էին իրենց առօրյա գործին։
Մինչդեռ իրականության մեջ ամեն օր պատերազմ էր։ Առհասարակ ամեն օր պատերազմ է, եթե նույնիսկ սահմաններին չեն կրակում, երկրներն ունեն դիվանագիտական հարաբերություններ, փոխադարձ ապրանքաշրջանառություն, առեւտուր, զբոսաշրջություն կամ պարզապես դրացիական շփումներ։
Պատերազմ է տնտեսական մրցակցությունը, բնական ռեսուրսներին տիրապետելը, մշակույթը, գիտությունը, սպորտը։ Այլապես ֆուտբոլում հաղթանակ տարած հավաքականի պատվին չեն հնչեցնի նրա երկրի օրհներգը կամ բռնցքամարտում հայ մարզիկին պարտված թուրքը Հայաստանի դրոշի հանդեպ անհարգալից չէր գտնվի, ինչպես վերջերս եղավ։
Պատերազմ են դպրոցը, կրթությունը, գրականությունը, թատրոնը, երաժշտությունը, խոհանոցը։ Կյանքն ինքը մրցակցություն է։ Ազգերը, ժողովուրդները, պետությունները միշտ անհաշտ «մտերմության» մեջ են։
Չկա մեկ անգամ եւ առմիշտ տրված հաղթանակ, չի կարող լինել հավերժական խարանի նման պարտություն, այլապես աշխարհի քաղաքական քարտեզը կմնար, ինչպես գծված էր գաղութատիրության դարաշրջանում, երբ Երկիր մոլորակը բաժանված էր մի քանի կայսրությունների միջեւ։ Դժվար է պատկերացնել, որ մեկ միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանը երբեւէ Մեծ Բրիտանիայի գաղութն է եղել, բայց պետք է իմանալ, որ հարյուր տարի առաջ Սիրիան, Իրաքը, Պաղեստինը պատկանել են Օսմանյան կայսրությանը, իսկ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան՝ Ռուսաստանին։
Եվ եթե այսօր Հարավային Կովկասում կա երեք, Կենտրոնական Ասիայում՝ հինգ անկախ պետություն, ապա դրանից բոլորովին չի հետեւում, թե իրավա-քաղաքական այս ստատուս-քվոն ընդմիշտ տրված, հաստատված, ՄԱԿ-ի «կլոր կնիքով» վավերացված մի բան է, եւ ոչինչ վաղը չի կարող փոխվել։ Ամեն օր պատերազմ է, աշխարհը փոխվում է, վերակազմավորվում։ Նայե՛ք վիճակագրությունը․ հարյուր տարի առաջ Կովկասում հայերը եւ թաթարները թվաքականակով համարյա հավասար էին։ Այսօր Ադրբեջանի բնակչությունը մոտ տասը, Հայաստանինը ոչ ավելի, քան երեք միլիոն է։
Հռչակման տարում Թուրքիան ուներ ութ-տասը միլիոն բնակչություն, այսօր՝ ութսուն։ Եվ ճիշտ չէ պատճառաբանել, թե մենք տարածքներ ենք կորցրել։ Հանրապետական Թուրքիան ստեղծվել է Օսմանյան կայսրության մի հատվածում։ Մի սերնդի աչքի առաջ Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։ Վրաստանը պաշտոնապես «զինադադարի» մեջ է Ռուսաստանի հետ, դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց վրաց-ռուսական առեւտրատնտեսական կապերը պահպանվել, զարգացել եւ նույնիսկ գնալով խորանում են։ Ամենեւին էլ բացառված չէ, որ վրաց եւ ռուս հաջորդ սերունդները հասնեն մի փոխընդունելի լուծման։
Դա, ինչ խոսք, օրակարգից չի հանի «ամեն օր պատերազմ է» սկզբունքը, ինչպես որ վրաց-ադրբեջանական, թուրք-վրացական հարաբերություններում, բայց կյանքն իրենը պահանջում եւ վերցնում է։ Նոյեմբերի 4-ին Արցախում պետական նախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը։ Նախօրեին տարածվել էր «Կոմերսանտին» նրա հարցազրույցի տեսագրությունը՝ արված Գանձասարում։ Չափազանց խորհրդանշական է։ Ասում է․ «Արցախի կորուստը սոսկ տարածքի կորուստ չէ, այլ մեր ինքնության»։ Ենթատեքստային ուղերձ է։ Մանավանդ որ նախորդ հարցազրույցներից մեկում էլ Ռուբեն Վարդանյանը ձեւակերպել է, թե «կապրենք ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց ոչ միասին»։ Ռուբեն Վարդանյանի պաշտոնամուտի օրը Խրամորթի դաշտում աշխատող տրակտորը ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է։
Ամեն օր պատերազմ է․․․ Պարզապես պիտի կարողանանք չպարտվել։ Ինչպես եղավ «մութ եւ ցուրտ» տարիներին։ Թե չէ 5-6 հազար մարդու, նաեւ Արցախից բերված, մասնակցությամբ հանրահավաք կարելի է ամեն օր անցկացնել եւ «Խաղաղության պայմանագիր» վառել։ Դրանից կյանքը Խրամորթում ավելի ապահով չի լինելու․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։