Ընդհանուր նյութի շրջանակում կներկայացվեն Հայաստանի մամուլին բնորոշ ընդհանուր խնդիրները, հասցեական կերպով կմատնանշվեն նաեւ կոնկրետ էկոլոգիական հիմնախնդիրների լուսաբանման հարցում առավել ցայտուն առանձնահատկությունները։ Հոդվածաշարի միջոցով կներկայացվեն նաեւ քանակական եւ բովանդակային տվյալներ էկոլոգիական թեմաները լուսաբանող լրատվամիջոցների եւ նրանց հրապարակումների բնույթի վերաբերյալ (օրինակ՝ զուտ լուրի տրամադրում, վերլուծական եւ հետաքննական հոդվածներ եւ այլն)։
Լրատվական դաշտին բնորոշ ընդհանուր եւ թեմատիկ խնդիրներ
Նախքան էկոլոգիական հիմնախնդիրների լուսաբանման հարցերին անդրադառնալը հարկ է նշել, որ հայկական մեդիա դաշտում առկա բոլոր ընդհանուր խնդիրները դրսեւորվում են նաեւ այս ոլորտը լուսաբանելիս։ Մասնավորապես՝ մոլորեցնող եւ ակնհայտորեն միակողմանի տեղեկատվության տարածումը, լուսաբանվող ոլորտի վերաբերյալ խորքային գիտելիքի բացակայությունը, մատուցվող նյութի պրիմիտիվությունը եւ լայնորեն տարածված բացասական այլ երեւույթներ։ Էկոլոգիական հարցերի լուսաբանման հիմնական դրսեւորումներից է նաեւ բեւեռացված տեղեկատվության տրամադրումը՝ նույն հարցի վերաբերյալ միմյանցից ծայրահեղ տարբերվող կարծիքներով, ինչը վկայում է դրանցից գոնե մեկի պատվիրված լինելու կամ առնվազն ոչ անաչառ լուսաբանման մասին։
Էկոլոգիական հիմնախնդիրների լուսաբանման հարցում կան նաեւ լրացուցիչ բացասական առանձնահատկություններ, որոնցից են էկոլոգիական հարցերով հոդվածների չափազանց փոքր թիվը, բնապահպանական ենթաբաժին ունեցող կամ բնապահպանական հարցերը պարբերաբար լուսաբանող լրատվամիջոցների սահմանափակ լինելը, հոդվածներում վերլուծական նյութերի սակավությունը, մասնագիտական/փորձագիտական նյութերի ծայրահեղ անբավարար լինելը, ինչպես նաեւ նյութերում հաճախ դիտարկվող՝ փաստարկման բազայի բացակայությունը եւ լուսաբանվող նյութերում սխալ կամ ոչ պրոֆեսիոնալ տերմինաբանության օգտագործումը։ Անշուշտ, մամուլում կան նաեւ շատ հավասարակշռված եւ փաստարկված հոդվածներ, մուլտիմեդիա հրապարակումներ, խորքային հետաքննական նյութեր, որոնց մասին կխոսվի հաջորդ հոդվածներում՝ կոնկրետ լրատվամիջոցների աշխատանքը ներկայացնելիս։
Թվարկված թերությունները ոչ միայն էականորեն նվազեցնում են լուսաբանվող նյութերի գրավչությունը եւ վստահելիությունը, այլեւ ստեղծում են էկոլոգիական օրակարգի անկարեւոր լինելու մասին ոչ համարժեք տպավորություն։ Հանրային ընկալման տեսանկյունից հատկապես խնդրահարույց է կլիմայական մարտահրավերների վերաբերյալ լիարժեք եւ փաստարկված նյութերի բացակայությունը։ Կլիմայի փոփոխության արդյունքում պետական մարմինների կողմից մշակվող ադապտացման եւ մեղմացման միջոցառումների մասին տեղեկատվությունը ներկայացված է գրեթե բացառապես պետական մարմինների պաշտոնական կայքերում, այն էլ ոչ թե մատչելի կերպով գրված հոդվածների, ուղեցույցների կամ գրքույկների, այլ համապատասխան միջազգային կառույցներին ներկայացվող խճճված հաշվետվությունների տեսքով, որոնք անգամ այդ գերատեսչությունների աշխատակիցները կդժվարանան կարդալ, էլ չասած՝ հասկանալ։
Թեմատիկ առումով շատ սահմանափակ է լուսաբանվող էկոլոգիական հիմնախնդիրների բազմազանությունը։ Բացառությամբ մի քանի լրատվական կայքերի, որոնց գործունեությունը կենտրոնացած է հենց էկոլոգիական հիմնախնդիրների լուսաբանման ուղղությամբ («Էկոլուր» եւ «Էկոնյուզ»), լրատվամիջոցների մեծամասնությունը էկոլոգիական հիմնախնդիրներին անդրադառնում է կոնկրետ հարցի հանրային հնչողություն ունենալու պարագայում, ոչ թե ընթացիկ պարբերականությամբ։ Շատ քիչ լրատվամիջոցներ կան, որ ունեն «բնապահպանություն» վերտառությամբ առանձին ենթաբաժին (օրինակ՝ «Հետք»-ը)։
Որոշ լրատվամիջոցներ, թեեւ չունեն «բնապահպանություն» վերտառությամբ բաժին, սակայն առավել ակտիվ ներգրավվածություն ունեն բնապահանական հիմնախնդիրների լուսաբանման հարցում։ Դրանցից են «Ազատություն» ռադիոկայանը, «Ալիք Մեդիան», «Սիվիլնեթը»։
Հաճախ էկոլոգիական խնդիրներ ներկայացնող նյութի թիրախը քաղաքական երանգ ունեցող կամ կոռուպցիոն հարցերն են, որտեղ էկոլոգիան միայն ուղեկցող դերակատարում ունի, օրինակ՝ այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված ձկնաբուծարանի, հանքավայրի կամ հիդրոէլեկտրակայանի առաջացրած բնապահպանական խնդիրները՝ կենտրոնում ունենալով կոռուպցիոն ռիսկի լուսաբանման առաջնահերթությունը եւ ոչ թե բուն էկոլոգիական հիմնախնդիրը։
Մեկ այլ կարեւոր հարց է հայկական մամուլի՝ գլոբալ համատեքստից դուրս մնալը։ Մասնավորապես՝ չափազանց քիչ է Հայաստանից դուրս տեղի ունեցող էկոլոգիական հիմնախնդիրների լուսաբանումը, անգամ եթե դրանք ունեն այնպիսի գլոբալ նշանակություն, ինչպիսիք են կլիմայական խնդիրներով պայմանավորված մարտահրավերները եւ դրանց հաղթահարման տեխնոլոգիաները, սակավաջրության կամ անապատացման գլոբալ սոցիալական եւ տնտեսական հետեւանքները, Հայաստանում նույնանման խնդիրների առկայությունը կամ անխուսափելիությունը։
Մամուլի ուսումնասիրությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանը կարծես լրիվ դուրս է ջրային ռեսուրսների սակավության եւ դրանց համար աշխարհում սրացող պայքարի, անապատացման հետեւանքների, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված համաճարակային ռիսկերի եւ գլոբալ օրակարգի մաս կազմող այլ մարտահրավերների տիրույթից։ Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն աշխարհում ամենախոցելիներից մեկն է կլիմայական մարտահրավերների առջեւ, եւ որ դրա հետեւանքներն արդեն իսկ ամենասուր կերպով դրսեւորվում են մեր առօրյայում (գետերի ցամաքում, Սեւանա լճի էվտրոֆիկացիա, բնական աղետների եւ հրդեհների անկանխատեսելիություն, եղանակային անոմալիաներ՝ սաստիկ ցուրտ, սաստիկ ու տեւական շոգ եւ այլն)։ Այս բոլոր խնդիրները հիմնավոր կերպով ներկայացված են կլիման ուսումնասիրող գիտնականների վերլուծություններում, միջազգային հեղինակավոր մամուլի հրապարակումներում, որոնք գոնե կարելի է թարգմանել ու հասանելի դարձնել Հայաստանի բնակչությանը։
Ամփոփելով մամուլի եւ էկոլոգիական հիմնահարցերի լուսաբանման ընդհանուր նկարագրությունը՝ հարկ է նշել, որ պրոֆեսիոնալ, պատասխանատու լրագրության մշակույթի ստեղծումը չափազանց կարեւոր խնդիր է վստահելի մեդիա ունենալու համար։ Իր հերթին՝ մամուլում էկոլոգիական հիմնախնդիրների բազմազանությունը, վերլուծական եւ մասնագիտական նյութերի առկայությունը շատ կարեւոր են ինչպես հանրության, այնպես էլ բիզնես հատվածի, շատ մեծ դժվարությամբ, բայց գուցե նաեւ պետական չինովնիկների որակական փոխակերպման համար։
Աշխարհում սրընթաց թափ ստացող միտումները, որոնք հանածո վառելիքի հաշվին գոյատեւող՝ սպառողական տնտեսությունից կտրուկ անցում են կատարում դեպի էներգախնայող, մաքուր սոցիալական եւ տնտեսական հարաբերություններ, մեզ համար ունեն նաեւ երկարաժամկետ քաղաքական կարեւորություն։
Ժամանակն է վերջապես ինչ-որ մի հարցում գնալու աշխարհին համընթաց, մաս կազմելու գլոբալ օրակարգերին եւ աշխարհից ոչ միայն վերցնելու, այլեւ ինչ-որ օգտակար բան տալու։ Եվ ես վստահ եմ, որ նոր գլոբալ օրակարգը, որը ձեւավորվում է մարդկանց եւ պետությունների միջեւ հարաբերությունների համընդհանուր նորմ դարձող՝ էկոլոգիապես պատասխանատու վարքագծի հենքի վրա, հենց այն է, ինչը համընկնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական շահերին։ Պետք է միայն մարդկանց գլխի գցել, թե դա ինչ է, ինչում մամուլը կարող է ունենալ իր պատվավոր դերակատարումը։ Անշուշտ, եթե մամուլն ինքն էլ իր հերթին գլխի ընկնի, որ հանրության ու պետության կյանքում կարող է ունենալ այդպիսի պատասխանատու դերակատարում։
Արթուր Գրիգորյան
Էկոլոգիական իրավունքի մասնագետ
Հոդվածաշարը ստեղծվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից, ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ի, Հետք/Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի եւ Ֆակտոր Թիվիի հետ համատեղ ՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։