Եգիպտական Շարմ էլ Շեյխում ընթացող ՄԱԿ Կլիմայի փոփոխությունների հարցով 27-րդ համաժողովի շրջանակում Եվրամիությունն ու Ղազախստանը էներգիայի եւ հումքի մատակարարման համաձայնագիր են ստորագրել։
Համաձայնագրի նպատակն է ապահովել հումքի որոշակի տեսակների մատակարարումը, ջրածնի մշակման համար անհրաժեշտ արտադրական շղթաների զարգացումը եւ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու էներգակուտակիչների պատրաստումը։
Ակնկալվում է, որ առաջիկա վեց ամսում Բրյուսելը եւ Աստանան կմշակեն լեռնահանքային արդյունաբերության եւ նավթավերամշակման ոլորտներում համատեղ մի շարք նախագծեր։
Եվրամիությունը մտադիր է «կանաչ» ջրածնի արտադրության համանման համաձայնագրեր ստորագրել Նամիբիայի եւ Եգիպտոսի հետ։ Նման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր են քննարկվում Սենեգալի, Վիետնամի, Հնդկաստանի եւ Ինդոնեզիայի հետ։ Այսպիսով՝ Եվրամիությունը փորձում է ազատվել էներգետիկ կախվածությունից եւ էներգետիկայի ոլորտում նոր գործընկերներ ձեռք բերել։
Պատրաստեց Արման Գրիգորյանը