Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին:
Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունն իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, եւ իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Բլինքենի համոզմամբ՝ 1991-ին անկախության վերականգնումը կենսականորեն կարեւոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, իրավունքներ, որոնց ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է:
«Կարծում եմ նաեւ արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հանգեցրել են հսկայական մարդկային, նյութական կորուստների՝ կորսված կյանքեր, խոր սպիներ: Բայց այն, ինչ հիմա տեսնում ենք, երկու երկրների իրական եւ խիզախ քայլերն են անցյալը հետեւում թողնելու եւ կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են հանուն Հարավային Կովկասի պայծառ ապագայի, ապագա խաղաղության»,- նշել է Բլինքենը:
Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ իբրեւ Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամ՝ Միացյալ Նահանգները կանի հնարավոր ամեն ինչ՝ այդ ջանքերին աջակցելու, կողմերի հետ կայուն խաղաղության ճանապարհով քայլելու համար: «Սա, ըստ իս, ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Եվ ես ողջունում եմ ձեր եւ ձեր կառավարություններին այն խիզախության եւ վճռականության համար, որ ցուցաբերում եք այդ նպատակին հասնելու համար»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը: