Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Ռուսաստանը որոշակիորեն նվազեցրել է նավթի արտադրությունը, ինչպես նաեւ արտահանումը ծովով եւ խողովակաշարերով։
Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Ռուսաստանն արտադրել է օրական կտրվածքով ոչ ավելի, քան 1,47 միլիոն տոննա նավթ՝ հաշվի առնելով նաեւ կոնդեսատի արտադրական ծավալը, որը ընդհանուր ծավալի 8 տոկոսն է։ Դա ավելի քիչ է, քան նախատեսված է ՕՊԵԿ+-ի քվոտայով։ Հիշեցնենք, որ ըստ ՕՊԵԿ+-ի քվոտայի՝ Ռուսաստանը, առանց կոնդեսատի արտադրական ծավալի հաշվառման, օրական կարող է արտադրել 1,43 միլիոն տոննա նավթ կամ 10,5 միլիոն բարել։
Մասնագետները կանխատեսում են, որ պայմանավորված ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի սահմանած էմբարգոյով, որը սկսելու է գործել արդեն դեկտեմբերից, ռուսական նավթի նկատմամբ պահանջարկը զգալիորեն կնվազի։ Ռուսական նավթի նկատմամբ սահմանված էմբարգոն, ըստ նավթային շուկայի մասնագետների, ինքնաբերաբար կհանգեցնի պահանջարկի նվազման եւ մատակարարումների վերաուղղորդման։ Սակայն հատկապես մատակարարումների վերաուղղորդման հետ առնչված հարցերը միանգամից հնարավոր չի լինի լուծել։
Խնդիրն այն է, որ ԵՄ տարածքից դուրս գտնվող ռուսական նավթի գնորդներն ամենայն հավանականությամբ կխուսափեն այն ձեռք բերելուց՝ վախենալով երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելուց։ Հնդկական նավթավերամշակման ձեռնարկություններն արդեն իսկ սկսել են նվազեցնել ռուսական նավթի գնումները, որպեսզի խուսափեն իրենց նկատմամբ կիրառվելիք հնարավոր տույժ-տուգանքներից։
Բացի այդ՝ Արեւմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցները հանգեցրել են տեխնոլոգիաների՝ Ռուսաստանից «հեռանալուն», ինչն իր հերթին՝ ռուսական նավթի ինքնարժեքի աճի։ Կանխատեսվում է, որ Ռուսաստանում նավթի արտադրությունը դեկտեմբերին կարող է 9 տոկոսի անկում գրանցել՝ հասնելով օրական կտրվածքով 1,3 միլիոն տոննայի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը