Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ Հարցումների հետազոտությունների խորաթափանցության կենտրոնի (CISR)՝ սեպտեմբերի 13-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը 18-ից բարձր 1500 վրացիների շրջանում անցկացրած հարցումների համաձայն՝ Ռուսաստանի հետ երկխոսությանը կողմ է արտահայտվել հարցվածների 59%-ը, մինչդեռ 38%-ը կտրականապես դեմ է:
Վրաստանի գործող իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդհանուր առմամբ, հարցվածների 42%-ը՝ դրական, իսկ 50%-ը բացասական է գնահատել: Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ներկա վիճակը հաշվի առնելով՝ իրեն շատ անվտանգ է զգում հարցվածների 13%-ը, 36%-ը պատասխանել է, որ մասամբ է անվտանգ զգում, իսկ 49%-ը խոստովանել է, որ ապահով չի զգում։
Հետազոտության տվյալներով՝ Վրաստանի բնակչության 89%-ը Ռուսաստանն ընկալում է որպես երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, 80%-ը՝ ամենամեծ տնտեսական սպառնալիքը։
Հարցվածների 38%-ը կարծում է, որ ռուս զբոսաշրջիկներին չի կարելի թույլ տալ մուտք գործել Վրաստան, քանի դեռ նրանք չեն վերադարձրել Վրաստանի բռնազավթված տարածքները, 26%-ը նրանց ներկայությունը ձեռնտու է համարում տնտեսական առումով։ Հարցին՝ արդյոք վրացիներն աջակցում են Ռուսաստանի քաղաքացիներին առանց վիզայի ազատ մուտք գործել Վրաստան, գրանցել բիզնես կամ գույք ձեռք բերել, հարցվածների 78%-ը պատասխանել է՝ «վերը նշվածներից ոչ մեկը»:
«Մեր տվյալները հստակ ցույց են տալիս, որ վրացիները դեմ են այն ռուսներին, որոնք փախչում են զանգվածային զորահավաքից իրենց երկիր»,- նշել է ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվ Նիքսը: «Վրաստանի կառավարությունը պետք է հաշվի առնի այս ուժեղ հասարակական տրամադրությունները քաղաքականության տեսանկյունից»:
Վրաստանի ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ 2022-ի առաջին 9 ամիսներին Վրաստանում հաստատվել է 112 հազար 733 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, վրացիների 85%-ը կա՛մ «լիովին աջակցում» է, կա՛մ «մասամբ է աջակցում» դաշինքին միանալուն։ ԵՄ-ին միանալու կողմնակիցների շրջանում 60%-ը կողմ է անդամակցությանը, անգամ եթե դա արդյունքում հանգեցնելու է Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների խզման: