Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ ՌԴ զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու եւ երկու տարի դարձնելու մասին ռուս մի շարք օրենսդիրների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը ՌԴ օրենսդիր մարմնի օրակարգ չի ներառվի, քանի որ դրան դեմ են եղել Կրեմլում եւ ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Պարբերականի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը անանունության սկզբունքի պահպանմամբ տեղեկացրել է, որ ռուսական ռազմաքաղաքական վերնախավում որոշել են շեշտը դնել զինված ուժերի ոչ թե քանակի, այլ որակական պատրաստվածության վրա։ Այդ դեպքում ժամկետային զինվորական ծառայության ժամկետի երկարաձգումը չի նպաստի, որ բանակի որակական պատրաստվածության մակարդակը բարձրանա։
Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով «Վեդոմոստին» դիմել է ՌԴ ՊՆ եւ Կրեմլի մամուլի ծառայություն։
Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը, որ ներկայացնում է իշխող «Եդինայա Ռոսիա»-ն, «Վեդոմոստիի» հետ զրույցում համակարծիք է եղել այն մտքին, որ երկու տարվա ժամկետային ծառայությունը հազիվ թե նպաստի բանակի պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ «Ժամանակակից սպառազինությունները ենթադրում են պրոֆեսիոնալ զինվորականների առկայություն եւ աստիճանաբար պայմանագրային զինծառայողների թվի մեծացում»,- ասել է Կլիշասը։
Պետական դումայի Պաշտպանության կոմիտեի ղեկավար, կրկին «եդինառոս» Անդրեյ Կարտապոլովը նույնպես դեմ է արտահայտվել ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի դարձնելուն՝ նշելով, որ նման անհրաժեշտություն չի տեսնում, եւ իր ղեկավարած կոմիտեի օրակարգում նման հարց չկա, իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է․ «Այդ հարցին առնչվող ամեն ինչ կախված է լինելու ՊՆ դիրքորոշումից»։
Պատրաստեց Արման Գրիգորյանը