Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով արեւմտյան լրատվամիջոցների՝ Կիեւին Ռուսաստանի հետ երկխոսության դրդելու մասին հաղորդագրություններին, թվարկել է Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու համար անհրաժեշտ Ուկրաինայի պայմանները։
«Եվս մեկ անգամ` տարածքային ամբողջականության վերականգնում, ՄԱԿ-ի կանոնակարգի հարգում, պատերազմի հասցրած բոլոր վնասների փոխհատուցում, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատժում եւ երաշխիքներ, որ այդ ամենը չի կրկնվի։ Սրանք բավական հասկանալի պայմաններ են»,- իր տելեգրամյան ուղերձում շեշտել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր էր ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու անհնարինության վերաբերյալ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու մասին։ Նա նաեւ հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ որեւէ բանակցություն չի վարի, քանի դեռ ՌԴ նախագահն է Վլադիմիր Պուտինը։
Իտալական la Repubblica պարբերականն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն քննարկում են այն պայմանները, որոնց պարագայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր է վերսկսել երկխոսությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռեւս բաց է Կիեւի հետ բանակցելու համար, սակայն ներկա պահին բանակցությունները շարունակելու հնարավորություն չկա, քանի որ Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռուսական կողմի հետ բանակցությունների անհնարինության մասին օրենքը։