Նոյեմբերի 7-8-ին պաշտոնական այցով Թուրքիայում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ Այցի նպատակն, ըստ Milliyet պարբերականի, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Թուրքիայի հաստատումը ստանալն է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակումից կարճ ժամանակ անց տարիներ շարունակ չեզոքություն պահպանած Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմում էին ներկայացրել։ Իսկ Թուրքիան հայտարարել էր, որ վետո կդնի այս երկրների անդամակցության վրա, եթե նրանք շարունակեն աջակցել Թուրքիայի կողմից որպես ահաբեկչական կազմավորումներ հռչակված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին։
2021 թվականի հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիան, Ֆինլանդիան ու Շվեդիան այս հարցի շուրջ կնքել էին համատեղ հուշագիր, որի համաձայն՝ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է արտահանձնեն Անկարայի պահանջած ահաբեկչության մեջ կասկածվող անձանց, վերացնեն զենքի մատակարարման ավելի վաղ սահմանված արգելքը։
Ըստ պարբերականի՝ Շվեդիայի վարչապետը այցից հետո հայտնել է, որ Շվեդիան կատարելու է ստորագրված հուշագրի կետերն ու չի պատրաստվում երկխոսության մեջ մտնելու ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Ավելին՝ նա հայտարարել է, որ խորհրդարանն արդեն քայլեր է ձեռնարկում Շվեդիա-Թուրքիա բարեկամության խմբի ստեղծման ուղղությամբ։
Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնը կունենան համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ պարզ կդառնա, թե ինչ որոշում է կայացվել։