Հավանաբար ՔՊ-ում էլ գիտեն, որ Մելքոնյան Գագիկի խոսքերին չպետք է շատ լուրջ վերաբերվել: Մարդը օր ծերության ապրում է հարմարավետ կյանքով՝ չունենալով ինտելեկտի հետ ընդհանուր որեւէ գիծ: Բայց եղել է սկզբունքային: Հենց դա էլ երաշխավորել է նրա կյանքի գոնե այս փուլի լավագույն թոշակը՝ լինել պատգամավոր:
Երեկ ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է. «Մինչ հեղափոխությունն ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա ես չեմ լսում, որ աղքատություն կա, բոլորս հավասար ապրում ենք»:
Մելքոնյան Գագիկը աղքատության մասին ոչինչ չի լսում: Ու որոշում է, որ բոլորս հավասար ենք ապրում: Մելքոնյան Գագիկը կարո՞ղ է ենթադրել, կամ որեւէ մեկը նրան կարո՞ղ է հուշել, որ աղքատությունը Հանրապետության հրապարակի ժամացույցի զնգոց չէ, որ չհոգնի կլոր ժամերին զնգալուց, աղքատությունը մի փոքր ուրիշ բան է:
Հրապարակի ժամացույցն արժանապատվություն չունի, մինչդեռ այնքան արժանապատիվ աղքատներ կան, որ լռում են: Հատկապես երբ ամենօրյա աշխատանքով ոչինչ չի փոխվում իրենց կյանքում: Հիմա ոչ թե աղքատություն չկա, այլ չկա բղավող աղքատություն, որովհետեւ մարդիկ հոգնում են մի բանի մասին խոսելուց, որից հետո ոչինչ չի փոխվում: Ու հոգնելուց բացի հիասթափված են լռում, երբ չի փոխվում նույնիսկ այն ժամանակ, երբ փոխվում է աղքատության պատճառը՝ իշխանությունը:
Գուցե մարդկանց կյանքը նույնիսկ ավելի է վատացել, գուցե մարդը դեռ պիտի հարմարվի այդ վատին, խելքի գա: Բայց Գագիկը սրա պատասխանն էլ գիտի՝ հիմա ամբողջ աշխարհում է թանկություն: Ու սա նույնիսկ բանկային աշխատողներն են ասում, ասում են բոլորն իշխանության մեջ, որոնք կորցնելու բան ունեն:
Մելքոնյան Գագիկի ձեռքից մեկը բռնե՞լ է ու տարել գյուղեր, օկուպացված տարածքներում մարդիկ հողեր են կորցրել, հիմա նրանք չե՞ն բողոքում աղքատությունից: Բողոքում են ու այն էլ՝ ոնց: Լսող չկա: Ինչո՞ւ: Որովհետեւ էդ ի՞նչ բողոքելու բան է, իշխանությունն ի՞նչ մեղք ունի, որ ադրբեջանցին գրավել է քո հողը, զենքը ձեռքը վերցնի ու գնա հետ գրավի՞: Եթե նույնիսկ պիտի հետ գրավի, հո Մելքոնյան Գագիկը չի՞ անելու դա:
Ցանկացած իշխանություն համոզված է, որ ինքը բոլորից լավ է պայքարում աղքատության դեմ: ՔՊ-ն բացառություն չէ: Երեւի միակ տարբերությունն այն է, որ իրենք աննախադեպ են պայքարում: Եվ գներն էլ էդ աննախադեպ պայքարին զուգահեռ են թռչում: Բայց այնպես են թռչում, որ հողեր կորցրած գյուղացու կյանքի որակը հավասարվում է կյանքի բոլոր հաճույքների մեջ թավալվող Մելքոնյան Գագիկի կյանքի որակին։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: