ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար որեւէ նախապայման չունի, բայց Կիեւը պետք է բարի կամք ցուցաբերի։
Լրագրողների հետ զրույցում Ռուդենկոն ընդգծել է, թե Ուկրաինան Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելն արգելող օրենք է ընդունել, ինչը նրանց ընտրությունն է: Նա ընդգծել է, թե ՌԴ-ն միշտ հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու ոչ իր մեղքով ընդհատված բանակցությունները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն դրանք շարունակելու հնարավորություն չկա, քանի որ Կիեւում օրենքի տեսք է ստացել ռուսական կողմի հետ ցանկացած բանակցության անհնարինությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով, Ուկրաինան պիտի որոշի բանակցություններին վերադառնալու պայմաններն ու ժամանակը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Կիեւը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։