Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոյեմբերի 8-ին հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում էր 2010 թվականին Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ եւ դրան հաջորդած քննությանը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները նախ չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը, այնուհետեւ ձախողել են գործի անաչառ քննությունը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ստրասբուրգյան դատարանը, մասնավորապես, նշել է, որ քրեական հետախուզության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ անճշտություններ, որոնք հայաստանյան դատավարությունների ընթացքում, ապա` Կառավարությունը Եվրոպական ատյանին ներկայացրած բացատրություններում պատճառաբանել են իբրեւ«տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետեւանք։
Հաշվի առնելով այդ թերությունները՝ 30-ամյա երիտասարդի հարազատները, ինչպես նաեւ այս գործով տուժողի կողմի ներկայացուցիչները բազմիցս են պնդել, որ զինծառայողը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես նշվում է նաեւ հայաստանյան դատարանների վճռում, այլ սպանվել է։
Հանցագործները մինչեւ հիմա բանակում են եւ շարունակում են վտանգ ներկայացնել այլ զինծառայողների համար. Ծովինար Նազարյան
Արտակ Նազարյանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, դեռեւս ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, որ հայաստանյան դատարանները պատշաճ քննություն չիրականացրին՝ եղբոր մահվան իրական հանգամանքները բացահայտելու համար։
«Ես վստահ եմ, որ հանցագործները մինչեւ հիմա բանակում են, առոք-փառոք շարունակում են իրենց, այսպես կոչված, ծառայությունը, շարունակում են վտանգ ներկայացնել այլ զինծառայողների համար»,- այն ժամանակ ասել էր Ծովինար Նազարյանը։ Սպայի քույրը նշել է, որ դատարանը որոշում ընդունելիս հաշվի է առել միայն դատախազի կարծիքը՝ խախտելով իրենց արդար դատաքննության իրավունքը: Նա հիշել է դատաքննության ավարտը, երբ դատախազն ընթերցել է նույն մեղադրանքը, որ եղել է ամենասկզբում՝ դրանով իսկ անտեսելով ամբողջ դատավարության ընթացքում իրենց բարձրաձայնած խախտումները։
Եվրոպական դատարանը հայտարարել է, որ ներկայացված գործը թույլ չի տվել պաշտպանել ենթադրությունը, որ լեյտենանտին սպանել են: ՄԻԵԴ-ը նշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կառավարությանը պարտավորեցրել է լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատներին վճարել 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 3500 եվրո` դատական ծախսերի համար։
2013-ին հայաստանյան դատարանը լեյտենանտ Արտակ Նազարյանին «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով 3-10 տարվա ազատազրկման էր դատապարտել լեյտենանտի հինգ ծառայակիցներին: