ՄԻՊ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Երեւանի մանկան տուն» կատարած չհայտարարված այցի ժամանակ արձանագրել է, որ մանկատան երխաների հագուստը, ներառյալ ներքնազգեստը, անհատականացված չեն։ «Բացառված չէ, որ լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ»,– ասված է հաղորդագրությունում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում հայտնաբերվել է նաեւ, որ սպասքի, դրանց թվում՝ ծծակով շշերի անհատականացումն անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են։
Պարզվել է նաեւ, որ 2022-ի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական՝ օրթոպեդիկ, ակնաբուժական հետազոտություններ, քանի որ պետության երաշխավորած անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումը սպառվել է։
Արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել:
«Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
ՄԻՊ աշխատակազմը արձանագրել է, որ պահպանված չեն եղել սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը եղել է անբավարար, իսկ տնտեսական պահեստում եղել են ժամկետանց մաքրման միջոցներ։ Հաստատության շենքային պայմանները մասնակի են հարմարեցված հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Մշտադիտարկման արդյունքները դեռ ամփոփման փուլում են: Արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: