Ըստ իրանական Հորմոզղանի նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության գլխավոր տնօրեն Հոսեյն Աբասնեջադի՝ 2023-ին Իրանի Իսլամական Հանրապետությունն ո Ղազախստանը կիրականացնեն փորձնական մուլտիմոդալ տարանցիկ բեռնափոխադրում ծովային եւ երկաթուղային տրանսպորտով։ Բեռնափոխադրումը կիրականացվի, հենց որ երկու երկրները սկսեն համատեղ նավահանգստային գործառնություններ իրականացնել Շահիդ Ռաջայի նավահանգստում։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Կենտրոնական Ասիայի եւ ԱՊՀ երկրների համար լուրջ խնդիր դարձավ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով (INSTC) տարանցումների իրականացումը։ Իսկ Իրանը, ինչպես հայտնի է, առանձնահատուկ նշանակություն ունի այդ տրանսպորտային միջանցքոմ։
Հոսեյն Աբասնեջադը մանրամասնել է, որ առաջիկայում երկու երկրները ներդրումներ կանեն Շահիդ Ռաջայի նավահանգստում՝ տարանցիկ եւ լոգիստիկ ենթակառուցվածքներ զարգացնելու համար։ Ղազախստանը հատկապես հետաքրքրված է սառցարանային կոնտեյներային փոխադրումներով՝ Բենդեր-Աբասով միս, մսամթերք, հացահատիկ, ալյուր եւ նման այլ բեռներ փոխադրելու նկատառումով։
Համատեղ նախագծերի մեկնարկն ազդարարելու համար հաջորդ տարի Իրան կայցելի Ղազախստանի վարչապետ Էլիխան Աշանուլի Սմայիլովը։
Իրանն ու Ղազախստանը պայմանավորվել են առաջիկա տարիներին ավելացնել տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները՝ հասցնելով տարեկան մինչեւ 4 միլիոն տոննայի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը