ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անելու։ Նա մանրամասնել է, որ նման եզրահանգման եկել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքում։
Քերոբյանը նաեւ ասել է, որ Հայաստանում կա մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություն․ «Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը եւ սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին»։
Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները լավ են հնչում, խոստումները՝ ոգեւորիչ։ Միայն թե իրականությունը մի փոքր այլ է։ Սկսենք նրանից, որ իրականում ոչ թե սփյուռքահայերի 74 տոկոսն է պատրաստ ներդրումներ անելու, այլ խոսքը հազիվ 1500 հոգու մասին է։ Բանն այն է, որ դեռ մայիսին լրագրողների հետ ճեպազրույցում Քերոբյանը խոսել էր այս թեմայով, տեղեկացրել, որ սփյուռքահայերի շրջանում անցկացվել է հարցում. «Մոտ 2000 մասնակից պատասխանել է հարցերին, եւ նրանց 74 տոկոսը հայտնել է, որ հետաքրքրված է Հայաստանում ֆինանսական նոր գործիքների մեջ ներդրում անելու հարցում»։ Եթե հաշվի առնենք փաստը, որ հայկական սփյուռքը մոտ 8–9 մլն մարդ է, հարցման մասնակիցների 2000 թիվն ամենեւին էլ ցուցիչ չէ։ Հազիվ թե կարելի է ցուցիչ համարել անգամ 5-10 հազարը։
Ավելին՝ հարցումների ժամանակ հայրենիքում ներդրումներ անելու ցանկություն հայտնելը դեռ չի նշանակում, որ հաջորդ պահին նրանք դիմելու են այդ քայլին։
Հանուն արդարության պետք է արձանագրենք՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո հարկային վարչարարության ոլորտում որոշակի բարեփոխումներ այնուամենայնիվ իրականացվել են, եւ արդյունքները տեսանելի են․վերացել է հարկային տեռորը, չկա գերավճարներ հավաքելու նախկին պրակտիկան, որոշակիորեն կայունացել է օրենսդրական դաշտը, այսինքն՝ այդ առումով բիզնեսի համար լավ պայմաններ են ստեղծված։
Բայց սա դեռ բավարար չէ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Հայաստանում բացակայում է ներդրումների համար ամենագլխավոր գործոններից մեկը․ երկրում իրավիճակն անկանխատեսելի է, չկան կայունություն ու խաղաղություն, ընդհակառակը՝ ամեն րոպե կախված է պատերազմի վերսկսման վտանգը։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է մշտական ցնցումների մեջ․ սահմանային միջադեպերը, ադրբեջանական ռազմական ագրեսիան հարված են երկրի տնտեսությանն ու ներդրումային միջավայրին եւ վանում են ներդրողներին։ Դրան գումարած՝ հարեւան երկրներից երկուսի հետ փակ սահմանները, որն ավելի է դժվարացնում հաղորդակցությունն արտահանելիս ու ներկրելիս։
Այնպես որ, ստեղծված իրավիճակում տնտեսության կառուցվածքը փոխելու եւ ներդրումների վրա հիմնված մոդելի վերածելու մասին խոսակցություններն ավելի շատ կենաց են հիշեցնում կամ պարզապես բարի ցանկություն, մաղթանք։
Իրավիճակի լրջությունը երեւում է նաեւ վիճակագրությունն ուսումնասիրելիս։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022 թվականի հունվար–հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 76,554 մլրդ դրամ, ինչը 33.8 միլիարդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գումարի հիմնական մասը՝ 57.4 մլրդ դրամը, Հայաստան է եկել ՌԴ–ից եւ հիմնականում ներդրվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում։ Նաեւ համեմատաբար մեծ ներդրումներ արվել են էլեկտրականության ու գազամատակարարման ոլորտներում։ Իսկ ահա մյուս ոլորտներում ներդրումները չնչին են։
Այնպես որ, ստեղծված իրավիճակում տնտեսության՝ ներդրումների վրա հիմնված մոդելի անցնելու մասին խոսելը դեռ վաղ է։ Շատ ավելի կարեւոր է կայունության ու խաղաղության հաստատումը։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: