Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին», հայտնել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության եւ բոլոր հարեւանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։
Քանանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին անցկացված վերջին զորավարժությունները որակել է որպես սովորական եւ նախապես ծրագրված քայլ, որին հարեւանները նախապես տեղեկացվել են պաշտոնական խողովակներով: Քանանին շեշտել է, որ Կովկասի խնդիրների լուծումը արտատարածաշրջանային ուժերով չպետք է լինի, դա տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում է։
Ըստ Քանանիի՝ մի հարեւանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարեւանի դեմ: Նա հավելել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության եւ բոլոր հարեւանների հետ հարաբերությունների զարգացման վրա։
«Իրանը մշտապես ընդգծում է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը եւ կողմ է տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքների շրջանակներում»,–ընդգծել է Քանանին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնատար անձանց տարբեր մակարդակներում երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներին, եւ բոլորովին հասկանալի չէ Բաքվի մտավախությունը սովորական բարիդրացիական հանդիպումների վերաբերյալ։
Իրանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը երկկողմ եւ եռակողմ, ինչպես նաեւ «3+3» ձեւաչափերով լուծելու հարցում։