ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը:
Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր:
Ներկայում ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում։ Ընդգծվել է, որ դեռահասների շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաեւ սոցցանցերը:
Մասնակիցները խոսել են նաեւ էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի եւ նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին: Քննարկել են այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ երկրների նորմատիվ իրավական մոտեցումները: