ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը համակարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ հետեւողական ջանքեր են ձեռնարկվում երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ։ Խոսքը հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների եւ խորհրդարանականների միջեւ երկխոսության զարգացման մասին է։
Զախարովան վստահեցրել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման հասնելու նպատակով փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործընթացում կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երեւանին եւ Բաքվին։
Խոսնակը հիշեցրել է, որ հոկտեմբերի 31-ի համատեղ հայտարարության մեջ պետությունների ղեկավարները կարեւորել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի նախապատրաստումը տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա զարգացումների հիման վրա շարունակել փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ որոնել։
«Ինչ վերաբերում է կարգավորման գործում Ռուսաստանի դերին, Սոչիում առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին։ Այս ամենը կազմում է երկկողմ հարաբերությունների համալիր կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի հիմքը»,– եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։