Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ վրացական, հայկական եւ հնդկական խմիչքները Ամանորին կփոխարինեն ռուսական ալկոհոլային շուկայում արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով անհետացած արտասահմանյան ապրանքանիշերին։
Շուկայի փորձագետները նշել են, որ ամանորյա տոներից երկու ամիս առաջ արդեն ոգելից խմիչքների մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվողները սկսել են հայտնել տարբեր ապրանքանիշների ալկոհոլային խմիչքների պակասի մասին, որոնք նախկինում ՌԴ են ներմուծվել եվրոպական շուկայից։
Luding Group-ի մարքեթինգի տնօրեն Անդրեյ Ուշակովը հայտարարել է, որ թունդ ալկոհոլի փոխարինողները գալիս են Վրաստանից, Հայաստանից եւ Հնդկաստանից: Մասնավորապես, վրացական եւ հայկական կոնյակների, ինչպես նաեւ վրացական ճաճայի, գինու եւ մրգային թորվածքների պահանջարկը զգալիորեն աճել է, մինչդեռ քննարկվում է վիսկիի մատակարարումը Հնդկաստանից։
«Մետրո» մանրածախ ցանցի ռուսական գրասենյակից էլ նշել են, որ գինիներ են ներմուծելու Վրաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Գերմանիայից եւ Հարավային Աֆրիկայից։ Ըստ РБК-ի՝ մանրածախ վաճառողներն այդ ապրանքները նշված երկրներից ուղղակիորեն ներմուծում են Ռուսաստան։