Ուկրաինայում ապրող Արման Հակոբյանն այս օրերին մարդասիրական առաքելություն է իրականացնում․ օգնում է պատերազմից տուժած քաղաքացիներին, հատկապես երեխաներին։ Երեք տարեկան էր, որ նրա ընտանիքը Վանաձորից Ուկրաինա տեղափոխվեց։ 24-ամյա Արմանը ընտանիքի հետ ապրել է Սվետլովոդսկ քաղաքում (հեռավորությունը մայրաքաղաքից՝ 285 կմ)։ Իրավաբան է, այժմ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար է։ Տարբեր գյուղերում ու քաղաքներում է լինում․ պատերազմի ավերածություններից հետո մարդիկ ծանրագույն սոցիալական պայմաններում են ապրում։
«Փետրվարի 24-ին Կիեւում էի։ Աշխատանքի բերումով վերջին մեկ տարում այնտեղ էի ապրում։ Պատերազմն ինձ համար անսպասելի չէր, քաղաքական իրադարձություններն արդեն հուշում էին դրա մասին, պարզապես ես չէի կարող պատկերացնել, որ այսպիսի մասշտաբ կունենա»,- ասում է Արմանը։
Պատերազմի սկսվելու պահին Արմանը մենակ էր Կիեւի իր բնակարանում։ Արթնացավ ժամը 6-ին հրթիռակոծությունների ձայնից։ Վայրկյաններ անց նրան զանգահարեց Դնեպրում (հեռավորությունը Կիեւից՝ 477 կմ) ապրող եղբայրը՝ տեղեկացնելով, որ իրենց քաղաքում ուժգին ռմբակոծություն է, փողոցները փոշու մեջ են, ասես մառախուղ լինի։ Եղբայրները որոշեցին գնալ իրենց հայրական տուն՝ Սվետլովոդսկ, որտեղ ապրում են ծնողները։ Այնտեղ այդ ժամանակ ռազմական գործողություններ դեռ չէին ընթանում։
«Այդ պահին, երբ խոսում էի եղբորս հետ, իմ բնակարանի պատուհանից երեւում էր՝ ինչպես էին շենքերը փլվում, Կիեւը ռմբակոծվում ու հրթիռակոծվում էր։ Այդուամենայնիվ, ես խուճապի չմատնվեցի․ այդ ակնթարթին մտածում էի իմ հարազատների անվտանգության մասին։ Եղբայրս Դնեպրից իր կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ Սվետլովոդսկ պիտի հասներ, նաեւ ծնողներիս անվտանգությունն էր ինձ մտահոգում․ այդ պահին միայն նրանց մասին էի մտածում»,- հիշում է Արմանը։
Նա արագորեն վերցրեց առաջին անհրաժեշտության իրերն ու ճամփա ընկավ դեպի հայրական տուն։ Հիշում է՝ տարբեր զինատեսակներ էին կիրառվում, շուրջբոլորը խուճապի մատնված մարդիկ էին, ավտոճանապարհներին խցանումներ էր, շենքեր էին փլվում, պայթում․․․ Մինչեւ հիմա չի կարողանում մոռանալ՝ մարդիկ ինչ սարսափելի վիճակում էին․ ոմանց ավտոմեքենաների վառելիքը վերջացել էր, ավտոմեքենան թողել էին ճանապարհին, սպասում էին, որ իրենց ինչ-որ մեկն առաջարկի տեղափոխել իր ավտոմեքենայով։ Բարի ու կարեկից մարդիկ կային, որոնք կանգ էին առնում, փողոցում անօգնական մարդկանց առաջարկում տեղափոխել համեմատաբար ավելի անվտանգ վայրեր։ Մարդիկ միասնական էին, օգնում էին իրար, ինչպես կարող էին։
Ծնողների տուն հասնելուց հետո Արմանն անցավ աշխատանքի, անընդհատ զրուցում էր գործընկերների հետ, աշխատանքը կանոնակարգում․ հարկավոր էր միանգամից գործել, հումանիտար օգնություն ցուցաբերել։
Պատերազմի սկսվելուց ժամեր անց Արմանը հաղորդագրություններ ու լուսանկարներ ստացավ․ լուսանկարներում մահացած, բռնության ենթարկված երեխաներ էին, որոշ քաղաքացիներ էլ Արմանին անձնական նամակներ էին գրել՝ տեղեկացնելով, որ ռմբապաստարաններում են, ու երեխաների համար մանկական սնունդ, տաք հագուստ ու տակդիրներ են անհրաժեշտ․․․
«Ես բազմաթիվ նամակներ էի ստանում։ Փորձում էի հնարավորինս արդյունավետ աշխատել, մեր աշխատանքները համակարգել, նաեւ միջազգային բազմաթիվ կառույցների ու դեսպանատների նամակներ ուղարկեցի․․․»,- հիշում է Արմանը։
Նրա ղեկավարած կազմակերպության աշխատակիցներին կարճ ժամանակահատվածում բազմաթիվ կամավորներ միացան․ ոմանք էլ իրենց ավտոմեքենաները տրամադրեցին, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող քաղաքացիական անձանց տարհանեն։ Արմանն ասում է՝ եթե չլինեին այդքան անձնվեր կամավորներ, չէին կարողանա քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների տարհանել։
Թեեւ պատերազմը նրա համար անսպասելի չէր, եւ մոտավորապես կարելի էր պատկերացնել՝ ինչ իրավիճակ կարող է լինել, այնուամենայնիվ, որոշ տեսարաններ սահմռկեցուցիչ էին․․․
«Ամենուր կյանքը գլխիվայր էր շրջվել․ երբ մտա մետրո, տեսա՝ բազմաթիվ մարդիկ են հավաքվել․ ոմանք հասցրել էին իրենց հետ ծածկոց ու տաք հագուստ վերցնել: Ոմանք ընտանի կենդանիներին գրկել ու նստել էին մի անկյունում, մանկասայլակներում երեխաները լալիս էին․․․ Շատ կանանց ամուսիններ զենք էին վերցրել ու գնացել պայքարելու, նրանք մենակ էին իրենց փոքր երեխաների հետ, չգիտեին ինչ անել, ինչպես հոգալ երեխաների մասին»,- հիշում է Արմանը։
Պատերազմի մեկնարկից մինչեւ հիմա Արմանն իր գործընկերների հետ շարունակում է մարդասիրական առաքելությունը, ոչ մի ակնթարթ չի մտածել Ուկրաինայից հեռանալու մասին։
Քանի որ իրավիճակը վտանգավոր էր ու անկանխատեսելի, նրա մայրը, եղբոր երեխաներն ու կինը մարտին Ուկրաինայից տեղափոխվեցին Լեհաստան, ապա՝ Գերմանիա՝ որպես փախստական։
«Երբ նրանց ճանապարհում էինք, տեսնում էինք՝ բազմաթիվ կանայք ու երեխաներ էին տարհանվում։ Հիմա էլ իրավիճակն անկանխատեսելի է, նախազգուշացնող ձայնային ազդանշաններ են հնչում, դարձյալ հրթիռակոծություններ են լինում տարբեր բնակավայրերում․․․ Երեք շաբաթ առաջ Դնեպրում էի․ ինձնից ոչ հեռու՝ հենց ճանապարհին, մի հրթիռ ընկավ, ընդ որում՝ այդ հատվածում ռազմական օբյեկտներ էլ չկային։ Բարեբախտաբար, այդ հրթիռակոծության հետեւանքով զոհեր չեղան»,- ասում է Արմանը։
Այս օրերին Արմանն այցելում է տարբեր բնակավայրեր․ իրավիճակը ծանր է։ Ենթակառուցվածքների ռմբակոծության ու հրթիռակոծության հետեւանքով բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում հոսանքի, ջրի, ջեռուցման խնդիրներ կան։ Այժմ Արմանն ապրում է Սվետլովոդսկում, որտեղ ջեռուցումը, էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են։ Եղանակը շուտով ավելի կցրտի, մարդիկ չգիտեն՝ ինչպես են տաքացնելու իրենց բնակարանները։
Ավելի քան 2 մլն 900 հազար բնակիչ ունեցող Կիեւում օրական 5-6, երբեմն 10 ժամ էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։ Մայրաքաղաքի որոշ մասերում էլ էլենտրաէներգիայի անջատումից զատ ժամերով, երբեմն էլ օրերով ջրանջատումներ են լինում։ Լվովում եւ Նիկոլաեւում եւս ժամեր շարունակ մարդիկ ջուր չեն ունենում։ Որոշ քաղաքներում քաղաքացիներին նախազգուշացնում են, թե որ ժամերին է էլեկտրաէներգիայի անջատում լինելու, իսկ Կիեւում իրավիճակն այդ առումով լրիվ անկանխատեսելի է։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է՝ չի բացառվում, որ առաջիկայում մայրաքաղաքում ամբողջ օրը հոսանք չլինի, հետեւաբար բնակիչներին խնդրել է անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես տեղափոխվել Կիեւից դուրս ապրող հարազատների տներ, որտեղ ջեռուցում կա։ Կիեւի քաղաքապետը քաղաքացիներին հորդորել է տանը միշտ տաք հագուստ, լիցքավորված մարտկոցներ, խմելու եւ կենցաղում օգտագործելու համար ջուր պահել։
«Հիմա մարդիկ իսկապես անելանելի վիճակում են․ ջեռուցում չկա, էլեկտրական վառարաններ են գնում, երբեմն ժամերով հոսանքն էլ են անջատում, մնում է տաք հագնվել ու նստել ցուրտ տանը։ Այս օրերին մեր կազմակերպությունը մանկական տաք հագուստ է գնել, պետք է բաժանենք ընտանիքներին»,- եզրափակում է Արման Հակոբյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։