Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարողանա մինչեւ տարեվերջ ամբողջ ծավալով Ուկրաինային հատկացնել խոստացված 9 միլիարդ եվրոյի օդնությունը։ Եվրապաշտոնյան նախօրեին տեղի ունեցած ԵՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը հայտարարել է, որ այս առնչությամբ շարունակվում են քննարկումները։ Ըստ Euobserver-ի՝ խոստացված օգնության տրամադրմանն առնչվող ձգձգումները կապված են ԵՄ ներսում եղած տարաձայնությունների հետ։
ԵՄ-ն դեռ մայիսին էր հայտարարել Ուկրաինային 9 միլիարդ եվրո հատկացնելու մտադրության մասին։ Հատկացվելիք գումարները ուղղվելու էին ուկրաինական բյուջեի դեիֆիցտի ծածկմանը եւ ուկրաինական տնտեսության աջակցմանը։ Նոյեմբերի 7-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Կիեւը այդ խոստացված օգնությունից օգոստոսին ստացել է մեկ միլիարդ եվրո, հոկտեմբերին՝ երկու միլիարդ եվրո։ Մինչեւ ընթացիկ տարվա վերջը կստանա եւս երեք միլիարդ եվրո։ Հանրագումարում կստացվի վեց միլիարդ եվրո՝ ինը միլիարդի փոխարեն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինային «խիստ անհրաժեշտ» է ստանալ մնացած վեց միլիարդ եվրոն, ինչը, սակայն, ըստ ամենայնի հնարավոր չի լինի անել։ Մնացած գումարը հավանաբար կներառվի 2023-ին Ուկրաինային ցուցաբերվելիք օգնության փաթեթի մեջ։
ԵՄ-ն մտադիր է 2023-ին Ուկրաինային հատկացնել 18 միլիարդ եվրոյի օգնություն։ Նախատեսվում է ԵՄ բյուջեն օգտագործել որպես երաշխիք՝ Կիեւի համար միջոցների հայթայթման համար։ Դա, սակայն, հնարավոր կլինի միայն ԵՄ անդամ 27 պետությունների միաձայն քվեարկության արդյունքում։ Հունգարիան արդեն հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինային ֆինանսապես աջակցելու ԵՄ նախաձեռնությանը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը