Արեւմուտքն արդարացիորեն էր վաստակել անսկզբունքայինի եւ կամազուրկի տիտղոսը։ Տարիներ շարունակ արեւմտյան երկրների ղեկավարներն առաջնորդվել են երկակի չափորոշիչներով, համաձայնությունների են գնացել տարատեսակ բռնակալների հետ, դավաճանել են իրենց հայտարարած սկզբունքներին, հուսախաբ են արել ժողովրդավարության ու ազատության համար պայքարողներին։
Հիշենք թեկուզ 2008-ի Հայաստանը։ Գործակցելով ընտրությունները կեղծած, խաղաղ ցուցարարներին գնդակահարած իշխանությունների հետ՝ նրանք, ըստ էության, փակեցին դեպի հաջողություն տանող մեր ճանապարհը։ Նրանք համարժեք չարձագանքեցին 2008-ին Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակմանը, ինչպես նաեւ 2014-ին Ուկրաինայի տարածք ներխուժմանը։
Նրանց բավարար էր իրենց բարեկեցությունը, եւ հանուն այդ բարեկեցության շարունակականության, թվում էր, պատրաստ են ցանկացած զիջման։ Ռուսաստանը հենց այս հանգամանքի վրա էլ, երբ սանձազերծում էր փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմը, կառուցել էր իր հաշվարկը։ Հաշվարկը, սակայն, սխալ դուրս եկավ։ Զարմանալի է, բայց Արեւմուտքը ցույց տվեց, որ մի սահման կա, որից այն կողմ համախմբվելու է ու վճռական է դառնալու։ Այսօր մենք այդ վճռականության ականատեսն ենք։
Ավելին՝ Արեւմուտքում անդրադառնում են իրենց նախկին քայլերին ու խոսում են իրենց սխալների մասին։ Այս առումով առանձնանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը։ Մարդ, որը 1990-ականներից Գերմանիայի իշխանական համակարգում է, իսկ 2000-ականներին զբաղեցրել է այնպիսի հանգուցային պաշտոններ, որ էապես ազդել է ոչ միայն Գերմանիայի, այլեւ ողջ Արեւմուտքի քաղաքական զարգացումների ու դիրքորոշումների վրա։
Ահա այս մարդը, առկա զարգացումներին բախվելով, հայտարարում է, որ սխալվել է, սխալ քաղաքականություն է վարել, որ նաեւ իր վարած քաղաքականության հետեւանքով է, որ կան Ուկրաինայում այս սահմռկեցուցիչ պատերազմը եւ այս ճգնաժամը Եվրոպայում ու աշխարհում։ Նա իր քայլերը վերլուծելուց ու դրանք գնահատելուց չի վախենում։
Այս համատեքստում հայաստանյան գործիչներն անխոցելի են։ Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան միջակայքում, որ 23 տարուց ավելի ձգվող մի հսկայական ժամանակահատված է, Քոչարյանի ու Փաշինյանի հետ եղել են Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, իշխանական ղեկին մոտ կանգնած մանր ու մեծ այլ գործիչներ, քաղաքական ու հասարակական դաշտի տարատեսակ մաքսիմալիստներ, որ նոր հաղթանակներ խոստանալով՝ նոր պատերազմների էին մեզ պատրաստում, որ քաջ էին իբր ու աննահանջ, որ դեմ էին հարեւանի հետ զրույցին, որ ոչ մի մետր հող չէին զիջելու, իսկ փոխզիջումներով հաշտության գնալու առաջարկ անողներին պարտվողականներ էին կոչում, նրանց լուսանցք էին մղում, ահա, այս գործիչների գործունեության ողջ ընթացքում Հայաստանը կորցրել է ու կորցրել։
Կորցրել է ունեցած հեղինակությունը, կորցրել է տնտեսապես, կորցրել է ռազմական բնագավառում, կորցրել է բանակցային սեղանի մոտ իր երբեմնի ամուր դիրքերը, հանգել է 2020-ի պատերազմին, պարտությանն ու ձեռնունայն է մնացել։
Ծանրագույն պարտությունն ու անդառնալի կորուստներն անգամ այս մարդկանց համար իրենց անցած ուղին վերլուծելու եւ գնահատելու առիթ չդարձան։ Նրանցից ոչ մեկը չասաց, թե սխալվել է, թե նաեւ իր մեղքով է, որ կա այս իրականությունը։ Հակառակը՝ այլոց կամ իրար են մատնացույց անում, այլոց են մեղադրում, բայց հայելուն նայել չեն էլ պատրաստվում։
Շթայնմայերի սխալի հետեւանքով Գերմանիան չի տուժել, ոչինչ չի կորցրել։ Ավելին՝ ռուսական էներգակիրների հաշվին զարգացել է տնտեսապես։ Նա կարող էր սա որպես ձեռքբերում ներկայացնել ու հպարտանալ դրանով։ Բայց գիտակցում է Ռուսաստանին սանձարձակ դարձնելու հարցում, այսօր Եվրոպայում ընթացող արյունալի պատերազմի համար իր մեղքը, չի վարանում ընդունել իր սխալը ու բարձրաձայն խոսել այդ մասին։
Եզրակացությունը հետեւյալն է՝ իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական գործիչներն, իհարկե, ինչպես ցանկացած մեկը, կարող են սխալվել, բայց հենց պատասխանատվության գիտակցումն էլ թելադրում է, որ նրանք, որքան էլ դժվար է ու անցանկալի, անդրադառնան իրենց քայլերին, վերլուծեն դրանք, հասկանան իրենց սխալներն ու դրանց մասին խոսելու քաջություն ունենան։
Իսկ պատասխանատվությունից զուրկ գործիչները, ինչպիսին մերոնք են, իրենց քայլերին անդրադառնալու անհրաժեշտությունը չեն էլ գիտակցում։ Ապրում են այսօրվա օրով ու բարգավաճում են, իսկ թե իրենց քայլերի հետեւանքով ինչ կպատահի երկրին՝ իրենց չի հուզում։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։