Ֆրանսիական Le Figaro պարբերականը գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ներկայացնել նոր ազգային ռազմավարության դոկտրին, որը ենթադրաբար ֆրանսիացիներին ու երկիրը պատրաստում է հնարավոր պատերազմի:
Նոր դոկտրինը կդառնա 2017-ին ընդունված փաստաթղթի շարունակությունը, որն ընդգրկում է Ֆրանսիայի շահերի պաշտպանությանը կոչված 10 ռազմավարական նպատակները: Ի թիվս մյուս դրույթների՝ հիշատակում կա ռազմական տնտեսության մասին: Ընդ որում՝ խոսքը համատարած ռազմականացման մասին չէ: Ըստ փաստաթղթի՝ Ֆրանսիայի զինված ուժերը պետք է կարգավորեն խոցելի տեղերը, իսկ իշխանությունները պետք է վերաիմաստավորեն ռազմավարական հավակնությունները աշխարհակարգի փլուզման լույսի ներքո:
Ֆրանսիական բանակի ներկայիս կաղապարատիպը ենթադրում է մասնակցությունը էքսպեդիցիոն (ռազմարշավային) առաքելություններում, բայց ո՛չ բարձր սաստկության ընդհարումներում: Մինչդեռ նոր դոկտրինը ենթադրում է համապատասխան վերափոխումներ մինչեւ 2030 թվականը: Փաստաթղթում թվարկվում են հանրապետության նոր հնարավորություններն ապահովող երեք կարեւոր հենարաններ՝ միջուկային զսպման գործոնը, սովորական սպառազինություններն ու փոխադարձ աջակցության կոչված հասարակության մոբիլիզացիան:
Միեւնույն ժամանակ դոկտրինում չի խոսվում նպատակին հասնելու միջոցների մասին: Le Figaro-ն մեջբերել է խորհրդարանականներից մեկի խոսքը, ըստ որի՝ փաստաթուղթը չափազանց հավակնոտ է ու չի համապատասխանում Ֆրանսիայի կարողություններին: Դոկտրինը ենթադրում է նաեւ Ֆրանսիայի մասնակցությունը զանազան դաշինքներին, առանձնապես՝ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին: Ըստ փաստաթղղթի՝ Ֆրանսիայի շահերի ընդլայնումը պահանջում է ճգնաժամերը հաղթահարել ոչ թե միայնակ, այլ միահամուռ կերպով: