Ըստ պաշտոնական վիճակագրության` 2022-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել 320 մարդ, որոնցից 213-ն Ուկրաինայի քաղաքացիներ են։
ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում շուրջ 270 է։ Այդ թիվն առանձին տարիներին աճում է` պայմանավորված հակամարտություններով։ Սիրիական ճգնաժամի հետեւանքով 2012-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել էր 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։
Ապաստան հայցողներին բնակության պայմաններով ապահովելու նպատակով բնակվարձի փոխհատուցում տրամադրվելու է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց մինչեւ 6 ամիս ժամկետով` 6 ամսվա ընթացքում լեզուն սովորելու, իրենց զբաղվածության ու բնակության պայմանների հարցն ինքնուրույն լուծելու նպատակով։
Փոխհատուցում չեն ստանա փախստականի կարգավիճակ ստացած այն անձինք, որոնք վերջին 10 տարում ՀՀ-ում բնակելի տարածություն չեն օտարել։
Դիմումը կմերժվի նաեւ այն դեպքում, եթե դիմողը հրաժարվել է սոցիալական տներում տեղավորվելուց, դիմել է ընտանիքից առանձին, ՀՀ կամ միջազգային կազմակերպություններից արդեն բնակարան վարձակալելու նպատակով փոխհատուցում է ստացել, տեղավորվել է կացարանում կամ ձեռք է բերել բնակելի տարածություն:
Փոխհատուցումը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կլինի ամսական 60 հազար դրամ։