Նոյեմբերի 13-ից «Ալիք Մեդիան» «Չերեւան» խորագրով սկսում է հաղորդումների շարք, որը կներկայացնի Հայաստանի քաղաքները։ Նպատակը քաղաքային բնակավայրերի խնդիրները հասարակության ուշադրության դաշտ տեղափոխելն է։
Ալավերդի, Թալին, Չարենցավան, Եղեգնաձոր… շուրջ ութ անուն, որոնցից շատերը որպես քաղաք ձեւավորվել են խորհրդային տարիներին՝ հիմնականում հենվելով արդյունաբերական ձեռնարկությունների վրա, լինելով տնտեսության որոշ ճյուղեր սպասարկող աշխատուժի կեցավայր։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ արմատականորեն փոխվեց նաեւ տնտեսության բնույթը, դրանցից շատերը դարձան նոմինալ (անվանական) քաղաքներ։
«Ալիք Մեդիայի» նկարահանող խումբը փորձել է արձանագրել այդ բնակավայերերի արդի վիճակը, տնտեսական, սոցիալական, մշակութային իրողությունները։
«Չերեւան» խորագիրը բառախաղ է, որով փորձ է արվում ընդգծելու մայրաքաղաքի եւ հանրապետության մյուս քաղաքների տարբերությունները։
«Ալիք Մեդիան» իր մեկնարկի առաջին իսկ օրերից արդեն երկու տարի սեփական թղթակիցների եւ այլ հրապարակումներով փորձում է հետեւել Հայաստանի մարզերի կյանքին։ «Չերեւանը» հետեւողական այդ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։