Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ալիեւի վերջին հայտարարություններն առ այն, թե Ղարաբաղի քաղաքացիներն Ադրբեջանի քաղաքացիներ են եւ իրենք կորոշեն, թե ինչպես վարվել նրանց հետ, ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստման հայտարարություն են:
Իսկ ո՞վ էր կասկածում, որ Ալիեւն առանց ցեղասպանության ամբողջական Ղարաբաղ չի ստանա: Կամ պիտի հայերը դուրս գան այնտեղից: Բայց այս հրապարակման թեման Ալիեւի հայտարարությունները չեն: Նիկոլ Փաշինյանը փորձում է աջակցել ռուս խաղաղապահների գործունեության ժամկետի երկարացմանը: Նոյեմբերի 8-ին Ալիեւը Շուշիում «ավետել» էր, որ ռուսների խաղաղապահության ժամկետը երեք տարուց ավարտվելու է եւ ակնարկել էր, որ մտադիր չեն երկարացնել: Այսինքն, անձամբ կզբաղվեն ղարաբաղցիներով:
Այս փուլում խաղաղության պայմանագրի մասին Փաշինյանը չի խոսի, նույնիսկ անիմաստ էլ է: Բայց խնդիրն այն է, որ հակասական վիճակում են ե՛ւ Պուտինը, ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Ալիեւը: Հակասական, որովհետեւ Պուտինը խաղաղապահների գործունեությունը երկարացնելու լեգիտիմ իշխանություն չունի, Փաշինյանն այս հարցի վրա ազդելու որեւէ լծակ չունի, իսկ Ալիեւն էլ չունի որեւէ գոնե կիսաերկաթյա երաշխիք, որ Ղարաբաղի հայերի համար Ադրբեջանի կազմում լավ է լինելու:
Փաստն այն է, որ Հայաստանը սառեցնում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եւ կենտրոնանում Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի վրա, որոնց օգնելու որեւէ լծակ ըստ էության չունի: Նա հիմա կարող է միայն բարեխոսել աշխարհի առջեւ, որ ռուսները մնան Ղարաբաղում: Մնացածն, ինչպես ասում են, ռուսների անելիքն է: Բայց սա չի նշանակում, թե բանակցություններ չեն լինի խաղաղության պայմանագրի շուրջ: Պարզապես պատերազմից երկու տարի անց Ղարաբաղում գրեթե որեւէ մեկը չի կասկածում, որ Հայաստանը մենակ է թողել իրենց:
Հիմա Հայաստանը պետք է ապացուցի, որ ղարաբաղցիները մենակ չեն: Բայց հարցն այն է, թե ինչ կարող է անել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի համար, որը միջազգային բոլոր փաստաթղթերով Ադրբեջանի տարածք է: Խոսել Ղարաբաղի հայերի իրավունքների, առավելեւս նրանց՝ ցեղասպանության ենթարկվելու սպառնալիքի մասին, նշանակում է մի կողմ դնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության քննարկումները, որոնց հետ մեծ հույսեր է կապում Թուրքիայի նախագահը, որը երեկ «Անադոլու» գործակալությանն ասել է, որ Երեւանից «արդյունավետ քայլեր է» ակնկալում:
Բոլորն էլ գիտեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հիմա ռուսական տիրույթում է, եւ երբ Փաշինյանը խոսում է ցեղասպանությունից, ինչպես նաեւ այն բանից, որ «խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ չեն փարատվել ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները», ուզում է ասել, որ ռուսները պետք է ավելի ակտիվ ու շահագրգիռ լինեն Ղարաբաղում մնալու հարցում եւ Հայաստանին չխանգարեն Ադրբեջանի հետ խոսել խաղաղության հնարավորություններից:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: