Ըստ Associated Press գործակալության՝ ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին Նյու Յորքի Տնտեսագիտական ակումբում կայացած միջոցառմանը հայտարարել է, որ հնարավորություն է տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար՝ կողմերին կոչ անելով օգտվելու դրանից:
Միլին մեկնաբանել է Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից այն կողմ հետ քաշելու շուրջ առաջացած իրադրությունը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այդ քայլին է դիմել պահպանելու իր ուժերը պաշպանության գծերի վերականգնման համար, թեեւ գարնանն այդ զորքերը կարող են վերսկսել հարձակումը:
Գեներալը նշել է, որ Կիեւը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։ Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ բանակցությունների հաջողության համար Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է փոխադարձաբար ընդունեն, որ հնարավոր չէ հաղթանակի հասնել ռազմական միջոցներով:
Ըստ CNN հեռուստաալիքի՝ Միլին որպես օրինակ նա բերել է Առաջին աշխարհամարտի ավարտմանն առնչվող իրադրությունը: «Երբ կա բանակցություններ վարելու հնարավորություն, երբ կարելի է հասնել խաղաղության, օգտվե՛ք պահից»,- ընդգծել է ամերիկացի գեներալը:
ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահը նաեւ ընդգծել է, որ բանակցությունների բացակայության կամ դրանց ձախողման դեպքում Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել Կիեւին: