ԱՄՆ-ում հայտարարել են առանց Ուկրաինայի թեմայի քննարկման Ռուսաստանի հետ բանակցությունների մասին:
Մասնավորապես, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բանակցություններն ուղղված են երկրների միջեւ հարաբերություններում ռիսկերի նվազեցմանը, սակայն Ուկրաինայի վերաբերյալ հարցեր չեն քննարկվում:
Ըստ Politico պարբերականի՝ Ուոթսոնը հավելել է, որ Վաշինգտոնը հնարավորություն ունի, երբ դա անհրաժեշտ է, ուղղակիորեն բարձր մակարդակով խոսել Ռուսաստանի կառավարության հետ:
Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական երկխոսությունն աննախադեպ ցածր նշագծի վրա է: Երկու երկրների միջեւ վստահությունը խարխլված է, նույնիսկ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունն է տապալված:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Արեւմուտքը, ներառյալ Նահանգները, դրանից անմիջապես հետո ՌԴ-ի նկատմամբ ընդգրկուն պատժամիջոցներ է սահմանել եւ ավելացրել Կիեւին միլիարդավոր դոլարների սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումները: Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ շփումները ներկայում պահպանվում են միայն շատ սահմանափակ թվով հարցերի գծով: