Ամերիկյան Forbes-ը գրում է, որ մեկ տարվա ընթացքում 100 ամենահարուստ չինացիների կարողությունը նվազել է 39%-ով՝ 1,48 տրիլիոն ԱՄՆ դոլարից հասնելով մինչեւ 907,1 միլիարդ դոլարի:
Սա ամենամեծ անկումն է այն ժամանակվանից ի վեր, ինչ Forbes-ը երկու տասնամյակ առաջ սկսել է հետեւել Չինաստանի ամենահարուստ մարդկանց կարողությանը: Աճել են միայն երկու գործարարների կապիտալները, իսկ 79 միլիարդատերեր անհամեմատ աղքատացել են:
«2021-ը Չինաստանի համար վերջին տասնամյակների ամենածանր տարիներից էր: 100 ամենահարուստ չինացիների կարողությունը զգալիորեն նվազել է ցանկացած չափանիշով»,- ասում է Forbes պարբերականի՝ ամենահարուստ չինացիների վարկանիշային աղյուսակը կազմող Ռասել Ֆլաներին:
Մասամբ դա տեղի է ունեցել տեխնոլոգիաների նկատմամբ կիրառված ճնշումների եւ զրոյական քովիդի քաղաքականության, տնտեսական աճի դանդաղեցման եւ ՉԺՀ կոմկուսի հոկտեմբերյան համագումարից հետո ի հայտ եկած քաղաքական անհանգստությունների, ինչպես նաեւ անցյալ տարի ԱՄՆ դոլարի նկատմամբ չինական յուանի 12%-ով անկման հետեւանքով:
Երկու վճռորոշ ցուցիչ շոշափելի կորուստ կրեցին. ցանկի վերջին հրապարակման պահից ի վեր մայրցամաքային Չինաստանի հիմնական ֆոնդային CSI 300 ինդեքսը կորցրեց իր արժեքի ավելի քան մեկ քառորդը, մինչդեռ հոնկոնգյան Hang Seng ինդեքսի վիճակն ավելի վատ է. գրանցել է 41%-ի անկում: