2020-ի պատերազմից հետո հայաստանյան հանրային շրջանակները մեղադրում էին Իրանին՝ արցախյան պատերազմում Հայաստանին միայնակ թողնելու, չօգնելու եւ Ադրբեջանին առաջինը շնորհավորելու համար։ Ետպատերազմական առաջին ամիսների շոկի հետեւանքով Հայաստանը եւ հայ հանրությունն իրենց զգում էին լքված եւ դավաճանված բոլորից՝ թե՛ դաշնակիցներից, թե՛ բարեկամներից ու հարեւաններից։
Իրավիճակը արմատապես փոխվեց 2021-ի մայիսի 12-ին ՀՀ սուվերեն տարածք՝ Սեւ լիճ, ադրբեջանական ներթափանցման եւ օկուպացիայից հետո։ Ակնհայտ էր դառնում, որ Ադրբեջանն ուղղակիորեն որոշել է բարելավել իր բանակցային եւ ռազմավարական դիրքերը՝ հավելյալ լծակներ ձեռք բերելով ՀՀ-ին ճնշելու, անընդհատ շանտաժի եւ ռազմավարական-կոմունիկացիոն հաղորդուղիները կրակի տակ պահելու միջոցով։
Ահա այդ շրջանը կարելի է սկիզբ համարել հանրային մի ալիքի, մի մտայնության, որը կարելի է կոչել «մեր բարեկամ Իրանը». հայոց հազարամյա փրկության ասպետ գտնելու նոր արար։ Ինչպես միջնադարում կաթողիկոս Ներսես Մեծի «Տեսիլն» էր Հայաստանի փրկությունը դնում քրիստոնյա կայսրության՝ Բյուզանդիայի գրկում, ինչպես Իսրայել Օրին էր Հայաստանի փրկությունը փնտրում գերմանական Պֆալցի կյուրֆուստ Հովհան Վիլհելմից մինչեւ Պետրոս Մեծ տիրույթում, ինչպես Աբովյանն էր հայոց փրկությունը կապում ռուսական սապոգի հետ, այնպես էլ հիմա հայոց փրկության այս նոր շրջափուլը ուղղվել է դեպի Իրան։
Իրավիճակի զավեշտն այն է, որ փրկության երաշխավոր է համարվում այն Իրանը, որն իր երկրի տարածքում նույնիսկ սեփական գեներալներին ու ֆիզիկոսներին չի կարողանում պաշտպանել։ Պետություն, որը ԱՄՆ աննախադեպ պատժամիջոցների տակ է, որը 2020-ի ղարաբաղյան պատերազմի հետեւանքով իր հյուսիս-արեւելքից ստացավ ադրբեջանա-իսրայելական սահման, եւ հիմա՝ ներքին հուզումների ու արտաքին ճնշումների բերումով, ավելի թույլ վիճակում է։
Այս ամենին գումարվեց նաեւ օրերս ԱՄՆ Պետդեպի աջակցության ուղերձը Ադրբեջանին եւ նախազգուշացումը Իրանին։ Պետդեպի խոսնակ Փրայսը, մասնավորապես, հայտարարել էր. «Բլինքենն այս շաբաթվա սկզբին հնարավորություն է ունեցել տեսնելու իր ադրբեջանցի գործընկերոջը։ Մեզ համար պարզ էր, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց եւ, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը»։
Ահա, այս ամենի համատեքստում, Հայաստանում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մի կողմից խոսում են Ռուսաստանի՝ ոչ բարեխիղճ, անպատշաճ դաշնակից լինելուց, ՀԱՊԿ-ի խնդիրներից ու մասնակցության սառեցումից, բայց դե ֆակտո՝ հողի վրա, ավելի են խորացնում տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անընդհատ ընդգծում ռազմաքաղաքական համագործակցությունը Իրանի՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի միակ ռեալ դաշնակցի հետ։
Ստացվում է քաղաքական դաշտի խաղացողների փրկիչ փնտրող երկվություն։ Բայց դա էլ դեռ աղետ չէ, աղետը հայտարարված ուղղությունների հակասությունը չտեսնելն է։ Մի պարագայում, երբ հակաիրանական թուրք-իսրայելա-ադրբեջանական դաշինքն ավելի ակնառու է դարձել՝ ԱՄՆ ու ԵՄ հովանավորությամբ, որոնք, հավանաբար, որոշել են վերաձեւակերպել տարածաշրջանի ստատուս քվոն եւ որպես խայծ ընտրել են Ադրբեջանին՝ ընդդեմ Իրանի։
Իսկ Հայաստանն այդպիսի դասավորության պարագայում որոշել է նոր խոսք ասել դիվանագիտության ասպարեզում։ Անուն էլ են գտել, ճիշտ տավտոլոգիային հարիր՝ «անվտանգության դիպլոմատիզացիա»։ Փաստորեն, այդ հորինված «նոր հեծանիվը» ենթադրում է խոսել Ռուսաստանի դեմ, բայց խորացնել տնտեսական հարաբերությունները, խոսել ԱՄՆ ժողովրդավարական ու միջնորդական ուղղության մասին, բայց գիշեր-ցերեկ «իրանական փրկչական» տեսիլ քարոզել, խոսել ԱՄՆ-ից ու դաշնակցել նրա տարածաշրջանային հակառակորդների՝ ռուս-իրանական տանդեմի հետ եւ այն էլ հիմա՝ ուկրաինական կոնֆլիկտի անվերջանալի եւ անհասկանալի այս ընթացքում։
Բայց սա էլ կանցնի, հայ ժողովուրդը դարերի ընթացքում առաջնորդվել է երազախաբությամբ, ցանկություններով, ո՛չ իրատեսությամբ, հիասթափվել փրկիչներից ու խոստումներից, ճիշտ է, շատ մեծ ու դառը գին վճարելով, բայց, կարծես թե, հավաքական հայի հետին խելքն այլ տարբերակով պարզապես չի կարողանում առաջնորդվել։
Եվ եթե մինչ այս կարելի էր մտածել, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը աչքի տակով են նայելու մեր «դիպլոմատիզացիային», ապա թե՛ Փրայսի՝ Ադրբեջանին ընդդեմ Իրանի աջակցությունը, թե՛ Ռուսաստանի զատուլինյան սրացումները ցույց են տալիս, որ ինչ-որ պահի պետք է կանգնենք այդ երկընտրանքի առջեւ։ Կարեւորը՝ չմխրճվենք մի տարածաշրջանային «ճաշի» մեջ, որից լավագույն ելքը ոտնատակ լինելն է, իսկ վատագույնը՝ սխալ կողմ ու կողմնորոշում ընտրելը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։