Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ոչ մի սառեցում չի լինելու. ուկրաինական բանակի առջեւ խնդիր է դրված շարունակել ազատագրել երկիրը: «Չենք կարող որեւէ բան սառեցնել, մենք սառցախցիկ չենք։ Կարող ենք ազատագրել մեր տարածքները` անկախ եղանակից։ Նախագահի հրահանգն է` ազատագրել մեր բոլոր տարածքները»,- ասել է Դանիլովը։
Նա նաեւ նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել Խերսոնի ուղղությանը: Խերսոնն ու ուկրաինական երեք այլ շրջաններ Մոսկվան բռնակցել էր սեպտեմբերի վերջին։ Ուկրաինացի զինվորականներն արդեն Խերսոնում են, քաղաքում բարձրացվել է ուկրաինական դրոշը։
ՌԴ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ Խերսոնում իրավիճակը վտանգավոր է դարձել խաղաղ մարդկանց կյանքի համար: Նոյեմբերի սկզբին աջ ափից 115 հազար մարդ է տարհանվել, եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է զորքը տեղափոխել ձախ ափ եւ ՌԴ զինված ուժերի պաշտպանության գիծը կազմակերպել Դնեպրի սահմանագծով։
Մոսկվայի նշանակած կառավարության խոսնակ Ալեքսանդր Ֆոմինն էլ հայտնել է, որ Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Ազովի ծովի ափին գտնվող առողջարանային եւ նավահանգստային քաղաք Գենիչեսկը ժամանակավորապես կդառնա բռնակցված Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացած են իշխանության բոլոր հիմնական մարմինները: