Ըստ Reuters գործակալության՝ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը որոշում է ընդունել Ռուսաստանն այլեւս չհամարել շուկայական տնտեսություն ունեցող երկիր, քանի որ բացահայտվել են պետության կողմից տնտեսությանը միջամտելու բազմաթիվ փորձեր։ Նման որոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ն իրավունք կստանա կիրառելու իր հակադեմպինգային օրենսդրությունն ամբողջ խստությամբ՝ շուկայի աղճատումը շտկելու համար։
Միացյալ Նահանգները Ռուսաստանը շուկայական տնտեսություն ունեցող երկիր ճանաչել է դեռ քսան տարի առաջ՝ 2002-ին։ «Շուկայական տնտեսություն ունեցող երկրի» կարգավիճակը կարեւոր է հատկապես ռուսական արտահանողների համար, քանի որ այն էականորեն բարդացնում է իրենց դեմ հակադեմպինգային մաքսատուրքերի սահմանումը։
Ամերիկյան օրենսդրությամբ՝ եթե Միացյալ Նահանգները շուկայական տնտեսություն ունեցող որեւէ երկրի դեմ կիրառում է հակադեմպինգային գործողություններ, տվյալ երկիրը կարող է ապացուցել, որ առետուր է անում մրցակցային պայմաններով եւ պաշտպանել իր իրավունքները՝ առեւտրի ոլորտում միջազգայնորեն ընդունված կանոններով։
Reuters-ը նշել է, որ Ռուսաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակի շնորհումն ԱՄՆ կողմից կարեւոր քայլ էր, որը նպաստել էր, որպեսզի Ռուսաստանը 2012-ին անդամակցեր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։
Պատրաստեց Արման Գրիգորյանը