Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) ու գիտական հաստատություններում նոյեմբերի 10-ից տոնական միջոցառումներ են մեկնարկել Գիտության համաշխարհային օրվա առթիվ:
Միջոցառումների բացումը տեղի է ունեցել ԳԱԱ նախագահությունում, որտեղ նշվել է նաեւ ակադեմիայի հիմնադրման օրը: 1943-ի նոյեմբերի 10-ին է հենց ՀԽՍՀ Կառավարությունը որոշել ստեղծել Հայաստանի գիտությունների ակադեմիան:
Բարձր դասարանների աշակերտների եւ ուսանողների համար Երիտասարդ գիտնականների միավորումը կազմակերպել է գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ:
Գիտական միջոցառումներին մասնակցել են դպրոցականներ եւ ուսանողներ Երեւանից ու մարզերից: Նրանց իրենց գիտական աշխատանքներն են ներկայացրել երիտասարդ գիտնականները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ աշակերտ կամ ուսանող էին:
«Մեր հասարակության զարգացման հիմքերից մեկը գիտությունն է: Գիտելիքով զինված կիրթ եւ գիտակից անհատը, որը կարողանում է տեսնել իրեն շրջապատող աշխարհը եւ նորույթ ստեղծել այդ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ընդունակ է դիմակայելու դժվարություններին»,- ողջույնի խոսքում նշել է ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը:
Հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացման ու գիտության հետ կապի ներդաշնակեցման նպատակով հասարակության առջեւ դռներն է բացել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը: Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուրոյի գիտական գործունեության հիմնական ուղղություններին, տարիների ընթացքում ձեւավորված գիտական արդյունքներին ու ձեռքբերումներին: Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների պատասխանատուները ցուցադրել են հետազոտական հնարավորություններն ու դրանց նշանակությունը հավաստի արդյունքի ստացման գործում։
Գիտության համաշխարհային օրվա խորագիրը նշանավորվել է նաեւ ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Այստեղ հայկական գյուրզայի խայթոցի դեմ նոր հակաթույն են ստացել: Գիտաշխատողներն ուսումնասիրում են նաեւ հայկական գյուրզայի թույնի եւ խնկածաղկի եթերայուղի հիման վրա ստեղծված նոր դեղամիջոցի հակաբորբոքային եւ ցավազրկող ազդեցությունները: Ինստիտուտում կրթական ծրագրեր են իրականացնում, օրինակ՝ միջազգային դրամաշնորհով պատրաստում են կենսական հյուսվածքների պատկերավորման սերտիֆիկացված մասնագետների:
Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երեւանի բուսաբանական այգում աշակերտները մասնակցել են «Աշնան գույները բուսաբանական այգում» աշխատարանին, խաղի միջոցով ծանոթացել Հնէաբուսաբանության թանգարանում ցուցադրվող բույսերի բրածո նմուշներին, շրջել արեւադարձային եւ մերձարեւադարձային բույսերի ջերմատանը:
Կենդանաբանության թանգարանում գիտությամբ հետաքրքրված այցելուները ծանոթացել են Հայաստանի բնաշխարհին, տեղեկություններ ստացել բնության պահպանության կարեւորության մասին:
Գիտության համաշխարհային օրը նշվում է 2002 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ հանուն խաղաղության եւ զարգացման: Նպատակն է աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցումը, հանրությանը հիշեցնել գիտատեխնիկական ձեռքբերումների պատասխանատու կիրառման կարեւորության մասին՝ ի բարօրություն քաղաքակրթության զարգացման:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։