«Մայթով քայլում էի, անսպասելիորեն մի էլեկտրական ինքնագլոր հարեւան փողոցից դուրս եկավ իմ դիմաց ու հարվածեց ինձ։ Վարողն արագորեն կանգնեցրեց այն, վազեց ինձ մոտ, որ օգնի։ Ներողություն խնդրեց, ասաց, որ ցավում է կատարվածի համար․․․ Սկզբում ոտքս ցավում էր, բայց, բարեբախտաբար, միայն սալջարդ էր, կոտրվածք չկար։ էլի՛ դեպքեր են եղել, երբ ինքնագլորը սլացել է իմ ուղղությամբ, հազիվ հասցրել եմ մի կողմ գնալ»,- ասում է 28-ամյա Քրիստինան։ Նա հույս ունի, որ շուտով ինքնագլորներին առնչվող օրենսդրական կարգավորումներ կլինեն։
Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021-ից։ Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։ Ո՞ր պետական մարմինն է կանոնակարգում ինքնագլորների երթեւեկությունը․ պարզվում է՝ ոչ մի։
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ քաղաքապետարանը ինքնագլորների ներկրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, դրանք մայրաքաղաք են բերվել մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ։
«Նախ պետք է սահմանվի՝ որ փոխադրամիջոցն է կոչվում ինքնագլոր, շարժիչի հզորությունը սահմանվի․․․ Օրենսդրական կարգավորումների կարիք կա։ Եթե քննարկումներ լինեն առաջիկայում, հնարավոր է՝ Երեւանի քաղաքապետարանն էլ մասնակցի, բայց այժմ քաղաքապետարանը որեւէ լիազորություն կամ պարտականություն չունի ինքնագլորներին առնչվող խնդիրները կարգավորելու հարցում»,- ասում է Տարոն Գեւորգյանը՝ առաջարկելով հարցերն ուղղել պարեկային ծառայությանը կամ ոստիկանությանը։
Պարզվում է՝ Ճանապարհային ոստիկանությունը եւս չի կարգավորում էլեկտրական ինքնագլորների երթեւեկությունը։ Հեծանվի, մոտոցիկլետի, մոփեդի երթեւեկությունը կարգավորվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով, ճանապարհային երթեւեկության կանոններով էլ սահմանվում է, թե որ փոխադրամիջոցներն են կոչվում հեծանիվ, մոտոցիկլետ կամ մոփեդ։ Իսկ ինքնագլորի մասին որեւէ օրենքում որեւէ կետ չկա, ու այն որպես փոխադրամիջոց սահմանված չէ, այսինքն՝ ինքնագլորների համար երթեւեկության կանոններ սահմանված չեն, հետեւաբար ճանապարհային ոստիկանությունն այս պարագայում չի կարող որեւէ գործառույթ ունենալ ու ոլորտը կարգավորել։
Հոկտեմբերի 31-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը բարձրացրեց ինքնագլորների խնդիրը։ Հանձնաժողովի նիստին ներկա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում դրանց վերաբերյալ նոր նախագիծ կմշակվի։
Ոստիկանությունն արդեն մշակել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջիկայում կներկայացվի, թե ինչ փոփոխություններ են մշակել մասնագետները. եւ ինչպես պետք է կարգավորվի ինքնագլորների երթեւեկությունը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։