Ըստ Newsweek-ի՝ Միացյալ Նահանգներում գործող «Ահեղ դատաստանի օրվա ժամացույցը» կառավարող կազմակերպությունը հրապարակել է, թե ինչպիսին կլինի աղետն աշխարհում միջուկային զենքի կիրառման ժամանակ։ Ըստ այդմ՝ նշվում է, որ միջուկային զենքը կհանգեցնի աղետաբեր զանգվածային ոչնչացման, այն ի զորու է մեկ ակնթարթում Երկրի երեսից ջնջելու ամբողջական քաղաքներ, ոչնչացնելու հարյուրհազարավոր մարդկանց։ Ընդ որում՝ այս զենքի հետեւանքները (ռադիացիոն ճառագայթումը) պակաս մահաբեր չեն եւ կարող են միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ի հայտ եկած այդ զենքը պայթյունի ահռելի ալիք է ստեղծում ի հաշիվ որոշակի նյութերի՝ ուրանի կամ պլուտոնիումի մասնիկների բաժանման։
Մինչ այժմ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը (նրանից առաջ էլ՝ ԽՍՀՄ-ը ) անցկացրել են միջուկային զենքի ավելի քան 2000 փորձարկում, սակայն ռազմական գործողությունների ժամանակ այն միայն երկու անգամ է կիրառվել՝ ԱՄՆ-ի կողմից ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա Երկրորդ աշխարհամարտի ավարտին։ Այդ միջուկային հարվածին հաջորդած տասնամյակներին ահռելի թվով մարդիկ մահացան միջուկային ճառագայթման պառճառով առաջացած քաղցկեղից եւ այլ խրոնիկ հիվանդություններից։
«Ահեղ դատաստանի օրվա ժամացույցը» խորհրդանշական սարք է՝ կոչված նախազգուշացնելու, թե մարդկությունն իր իսկ ստեղծած վտանգավոր տեխնոլոգիաներով որքան է մոտեցրել ինքնաոչնչացման ժամը։ Նման վտանգավոր տեխնոլոգիաների շարքին են դասվում միջուկային զենքը եւ այն տեխնոլոգիաները, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը։
«Ահեղ դատաստանի օրվա ժամացույցը» ստեղծվել է 1947 թվականին եւ վայելում է «Միջուկային ֆիզիկոս գիտնականների բյուլետենի» աջակցությունը։ Մինչեւ հիմա այն վերագործարկվել է 24 անգամ։ Վերջին անգամ վերագործարկվել է 2020 թվականին, երբ ժամացույցի րոպեն ցույց տվող սլաքը կեսգիշերից 2 րոպե պակաս դիրքից տեղափոխվել է կեսգիշերից 100 վայրկյան պակաս դիրքի։ «Ժամացույցի» ժամերը «կառավարող» «Գիտության եւ անվտանգության բյուլետենի» խորհրդի որոշմամբ՝ «Բյուլետենում» ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին հրապարակվեց «Բյուլետենի» միջուկային հարցերով գլխավոր խմբագիր Ֆրանսուա Դիաս-Մորենի հոդվածը հետեւյալ վերնագրով՝ «Թաքնվելու տեղ չկա․ միջուկային պատերազմը կոչնչացնի ձեզ եւ մյուսներին»։ Հոդվածում մասնագետն արտահայտում է իր մտահոգությունը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ՝ հատուկ ընդգծելով, որ աշխարհը գլորվում է դեպի միջուկային պատերազմ։
Ըստ Ֆրանսուա Դիաս-Մորենի՝ միջուկային պատերազմ սկսվելու դեպքում մի քանի րոպեում տեղի կունենան հարյուրավոր կամ հազարավոր պայթյուններ։ Մասնագիտական հաշվարկի համաձայն՝ եթե նույնիսկ 15 կիլոտոննա կշռով 100 միջուկային մարտագլխիկ նետվի խիտ բնակեցված քաղաքային շրջանների վրա, ապա զոհերի թիվը կհասնի ոչ պակաս, քան 27 միլիոնի։ Եթե, օրինակ, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները սկսեն միջուկային պատերազմ եւ 100 կիլոտոննա կշռով 4400 միջուկային մարտագլխիկ նետեն մեկմեկու վրա, ապա հաշված ժամերի ընթացքում զոհերի թիվն ամբողջ աշխարհում կհասնի 360 միլիոնի։ Ընդ որում՝ խոսքը առաջնային ազդեցության մասին է եւ ոչ թե հետեւանքների։
Միջուկային պատերազմը կարող է հանգեցնել ռադիացիոն լայնածավալ «վարակման», կլիմայի գլոբալ երկարատեւ փոփոխությունների (օրինակ՝ «միջուկային ձմռան»)։ Այս ամենը մարդկության համար ուղղակի կործանարար կլինի։
Մասնագետները նաեւ նշել են, որ միջուկային պատերազմին հետեւած առաջին երկու տարիներին պարենային խնդիրը Երկիր մոլորակի վրա այնքան սուր կլինի, որ հնարավոր է սովից մահանա 5 միլիարդ մարդ, այսինքն՝ մեր մոլորակի բնակչության կեսից ավելին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը