Ըստ DW-ի՝ դեռեւս հստակ չի կարելի ասել, թե նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը որքան կարժենա։ Սակայն հստակ հայտնի է, որ այն կլինի ամենաթանկը ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է ավելի թանկ արժենալ, քան մինչեւ հիմա կայացած բոլոր 21 առաջնությունները միասին վերցված (հիշեցնենք, որ առաջին առաջնությունը կայացել է Ուրուգվայում 1930 թվականին)։ Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ Դոհան այս տարվա ԱԱ-ի վրա կծախսի ոչ պակաս, քան 200 միլիարդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ մինչ այժմ ամենաթանկը եղել են 2014-ին Բրազիլիայում եւ 2018-ին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունները, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է ոչ ավելի, քան 15 միլիարդ դոլար։ Ուշագրավ է այն, որ երբ 2010 թվականին ընտրվել է, որ Կատարն է անցկացնելու 2022-ի աշխարհի առաջնությունը, այն ժամանակվա գներով այդ միջոցառման արժեքը գնահատվել է 65 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ ըստ մոտավոր հաշվարկների՝ այն եռապատկվել է։
Այս տարվա ֆուտբոլի ԱԱ ծախսերի հարցում մասնագիտական հաշվարկներում տարակարծությունների պատճառը պայմանավորված է այն իրողությամբ, որ Կատարի կառավարությունը զգալի գումարներ է ծախսել, այսպես կոչված, «ոչ ֆուտբոլային ենթակառուցվածքների» վրա, ինչպիսիք են՝ մետրոպոլիտենի նոր համակարգի, նոր միջազգային օդանավակայանի, նոր ճանապարհների, 100 նոր հյուրանոցների եւ հանգստյան գոտիների կառուցումը։ Ընդ որում՝ այդ կապիտալ ներդրումների էական մասն արվել է Qatar National Vision 2030 լայնածավալ ներդրումային նախագծի շրջանակում։
Մասնագետները կարծում են, որ Կատարը նման ահռելի ծախսեր կատարում է՝ ակնկալելով, որ դրանք կփոխհատուցվեն իր ստանալիք օգուտներով։ Դրանք, սակայն, ֆինանսա-տնտեսականից ավելի կվերաբերեն միջազգային հարաբերություններին։ Արաբական այս միապետությունը, ոչ պակաս, քան 200 միլիարդ դոլար ծախսելով համաշխարհային նշանակության մարզական այս միջոցառման վրա, փորձում է «փափուկ ուժի» կիրառմամբ լուծել իր պաշտպանության եւ անվտանգության հարցերը։ Նույնիսկ եթե ֆինանսական առումով էլ ծախսերը չհատուցվեն ստացվող եկամուտներով, այնուհանդերձ, Դոհան իրեն բավարարված կզգա հենց միջազգային հարաբերություններում արձանագրելիք հաջողությամբ։
ՖԻՖԱ-ն էլ, բնականաբար, ինչպես բոլոր աշխարհի առաջնություններից, ԱԱ-2022-ից նույնպես լուրջ ֆինանսական եկամուտներ ստանալու ակնկալիքներ ունի, անկախ ամեն ինչից։
Ֆուտբոլային սպասվող տոնը «մթագնող» փաստեր
2016 թվականին Amnesty International (AI) կազմակերպությունը մեղադրեց Կատարին «Խալիֆա» մարզադաշտի կառուցման ընթացքում հարկադիր աշխատանք կիրառելու համար։ Բացի այդ՝ առկա են տեղեկություններ, որ վերջին տասնամյակում Կատարում հազարավոր աշխատանքային միգրանտներ են մահացել, որոնք ներառված են եղել ԱԱ ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներում։ Հիշեցնենք, որ «Խալիֆան» ԱԱ-2022-ի գլխավոր մարզադաշտերից է լինելու։ Ընդհանուր առմամբ Կատարում ԱԱ-ի խաղերի համար նախատեսված 7 մարզադաշտերից 6-ը նոր են կառուցվել։
2021-ի փետրվարին էլ The Guardian-ը գրել է, որ 2010-2020 թվականներին Կատարում մահացել է ընդհանուր առմամբ 6500 աշխատանքային ներգաղթյալ, որոնք հիմնականում եղել են Պակիստանից, Հնդկաստանից, Նեպալից, Բանգլադեշից եւ Շրի Լանկայից։ Մարդու իրավունքների հարցերով փորձագետներն ահազանգում են, որ այդ մահերը կապված են հիմնականում ֆուտբոլի 2022 թվականի ԱԱ-ին առնչվող ծավալուն շինարարությունների հետ։
Կատարի իշխանություններն, իհարկե, աշխատանքային օրենսդրության ոլորտում որոշ համեստ բարեփոխումներ արել են, սակայն Amnesty International-ի կարծիքով այս խնդիրները շարունակում են մնալ արդիական։
Պատրաստեց Արման Գրիգորյանը