Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին օգնում է գիտակցելու, որ ղարաբաղցիներին իրենց ձեռքից ոչ ոք չի խլի, թող գնան ու լեզու գտնեն ղարաբաղցիների հետ եւ ոչ թե կրակեն նրանց վրա: Իր թվիթերյան էջում վարչապետը գրել է. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» եւ միեւնույն ժամանակ կրակում է նրանց վրա, մինչ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում»:
Թվում է, թե վարչապետը աշխարհին ասում է, որ ադրբեջանցիները ղարաբաղցիների հետ չեն կարող յոլա գնալ, քանի որ կրակում են իրենց «քաղաքացիների» վրա, բայց խորքում հասկացնում է, որ «խաղաղության դարաշրջանի» ուղղությամբ քայլերից մեկն էլ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերություններն են առանց կրակոցների, զուտ երկխոսության հիման վրա:
Կհասկանա՞ն ադրբեջանցիներն այս «ուղերձը», կյանքը ցույց կտա, բայց վարչապետի թվիթերյան գրառումը երկսայրի սուր է, որն ուղղված է ե՛ւ ադրբեջանցիներին, ե՛ւ ղարաբաղցիներին:
Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում այսպիսի գրառում անելու: Կարելի է ենթադրել, որ այս գրառումը Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու վարչապետի օրեր առաջ ասված խոսքի շարունակությունն է: Եվ, իսկապես, կարող է դիտվել նաեւ այդ խոսքի շարունակություն: Բայց Փաշինյանը գերազանց գիտի, որ աշխարհը չի փոխի իր դիրքորոշումը եւ Ղարաբաղը չի հայտարարի Ադրբեջանից դուրս, թեպետ դրա համար բոլոր հիմքերը կան:
Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը, եւ այդ ժամանակ Ալիեւը, անկախ այնտեղ ռուսների ներկայությունից, ավելի հանգիստ խղճով կհայտարարի, որ «Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծված է»:
Ադրբեջանցիներն, ի վերջո, մի օր կարող են դադարեցնել կրակոցները եւ իսկապես էլ երկխոսության մեջ մտնեն ղարաբաղցիների հետ, բայց դա չի նշանակում, թե Ղարաբաղի հայերի համար դրանից հետո լավ է լինելու: Ղարաբաղցիներն ուղղակի չեն հավատա ոչ մի երկաթյա երաշխիքի, որովհետեւ բոլորովին այլ էր վիճակը մինչեւ Արցախյան առաջին պատերազմը, եւ բոլորովին այլ է վիճակը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո:
Հայաստանը հաստատ չի վերագրավելու Ղարաբաղը, ուրեմն կա՛մ պիտի հաշտվի նրա վերջնական կորստի հետ, կա՛մ ամեն գնով փորձի Ղարաբաղում պահել ռուսներին, մինչեւ կգան այլ ժամանակներ, երբ ինչ-որ մեկը կօգնի նորից վերադառնալու Ղարաբաղ:
Նախիջեւանի օրինակը չի խոսում ավելի լավ ժամանակների օգտին: Ահա ինչու Փաշինյանն Ադրբեջանին օգնում է չլինելու հիմար, գնալու եւ խոսելու ղարաբաղցիների հետ եւ հենց ղարաբաղցիների օգնությամբ հասնելու հայկական այդ հողից ռուսների հեռացմանը: Դրանից հետո արդեն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խոսել նաեւ դիվանագիտական հարաբերություններից, բայց Ղարաբաղն այլեւս չի լինի:
Իսկ թե ում պետք է մեղադրել կամ պատվել դրա համար, դեռ պատմությունը կասի: Բայց երկու դեպքում էլ Հայաստանը չի կարող ծափահարել ինքն իրեն:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: