Արցախից ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են ադրբեջանական կողմի տարածած լուրերը, ըստ որոնց՝ հայկական կողմը իբր կրակ է բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։
«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է»,– ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Արցախի ոստիկանությունից հայտնել էին, որ նոյեմբերի 12-ին՝ 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող Խրամորթի բնակիչներ 27-ամյա Ս. Վանյանի եւ 45-ամյա Ա. Հայրապետյանի ուղղությամբ:
Կրակոցներից ջարդվել էին տրակտորի դիմային եւ հետեւի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։
Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։