Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում, որը քաղաքի ամենամարդաշատ զբոսաշրջային հատվածներից մեկն է, տեղի է ունեցել պայթյուն։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այս առիթով ունեցած իր ելույթում հայտարարել էր՝ պատահարից «ահաբեկչության հոտ» է գալիս։
Թուրքիայի ժամանակով 16:20-ի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան 6 զոհ ու ավելի քան 81 վիրավոր։
Ըստ Sabah պարբերականի՝ Թուրքիայի անվտանգության ծառայությունից հաստատել են, որ պայթյունն ահաբեկչական գործողության արդյունք է, ու հրապարակել են այն իրականացնող կին մահապարտի ինքնությունը։ Ստացված տեղեկության համաձայն՝ դա եղել է 1999 թվականին ծնված ազգությամբ սիրիացի Ահլամ Ալբասհըրը, որը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հատուկ հետախուզական նպատակներով վարժեցված գործակալ է։