Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) հայտնել է, որ նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ են տրամադրվել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 51-ը՝ այս տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման եւ դրանից հետո տեղի ունեցած զարգացումներից հետո։ Դրանից առաջ՝ հոկտեմբերի 13-31-ին, նոր հատուցումներ էին տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ սեպտեմբերի 13-ի դեպքերով։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։
Նոյեմբերի 14-ի դրությամբ հիմնադրամի շահառուների ընդհանուր թիվը 5 հազար 12 է, կատարվել է 68 միլիարդ 2 միլիոն դրամի հատուցում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հիմնադրվել է 2017-ին՝ հայրենիքը եւ նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում եւ Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից։