Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն լրագրողների հետ խոսել է նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մասին։ Զրույցի ընթացքում Սոյլուն կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի իշխանության ցավակցական ուղերձին՝ ասելով, որ Թուրքիան չի ընդունում մի պետության ցավակցությունը, որն աջակցում ու սնուցում է ահաբեկիչներին, փոխանցում է Milliyet պարբերականը։
«Այս պարագայում արդեն հարցականի տակ են դրվում նման պետության հետ մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք ոչ ոքի թշնամին չենք, չունենք տարածքային նկրտումներ որեւէ երկրի նկատմամբ, ոչ մի երկրի հանդեպ դավաճանություն չենք արել։ Եվ ուզում եմ հստակ նշել, որ այլեւս ուժ չունենք հանդուրժելու որեւէ պետության դավաճանությունը մեր հանդեպ։ Իսթիքլալ պողոտան մեզ համար շատ արժեքավոր է, ու մենք հասկացանք, թե ինչ ուղերձ կար այս գործողության մեջ։ Մենք դրան արժանի պատասխանը կտանք»։
Ինչպես արդեն հայտնել ենք, պաշտոնական Թուրքիան պատահարը որակել է որպես ահաբեկչական գործողություն ու կապել այն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ։