Թեհրանի դատարանը մահապատժի է դատապարտել 22-ամյա Մահսի Ամինիի ողբերգական մահվանից հետո Իրանում սկսված բողոքի ցույցերի մասնակիցներից մեկին։ Սա առաջին մահվան դատավճիռն է Իրանում վերջին շրջանում ծավալվող բողոքի ցույցերի մասնակցի նկատմամբ։
Մահապատժի դատապարտվածը մեղավոր է ճանաչվել կառավարական շենքի հրկիզման, հանրային կարգի խախտման համար, իրանական դատարանը համարել է նաեւ, որ նա սպառնալիք է ստեղծում իրանական ազգային անվտանգությանը։ Մահվան դատապարտվածը մեղավոր է ճանաչվել նաեւ կոռուպցիայի եւ «Աստծո դեմ մարտնչելու՝ մոհարեբի համար»։ Վերջին դրվագն, ըստ իրանական օրենսդրության, առավել ծանր հանցագործություն է համարվում եւ պատժվում է մահապատժով, նույնիսկ եթե հավելյալ այլ մեղադրանքներ չլինեն։
Եվս հինգ ցուցարարի Թեհրանի դատարանը դատապարտել է 5-10 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով «ազգային անվտանգության դեմ գործած հանցագործություն կատարելու համար հանցավոր համաձայնության գալու համար»։ Բանտարկության դատապարտվածներն իրավունք ունեն բողոքարկելու իրենց նկատմամբ ընդունված վճիռը։
Հոկտեմբերի վերջի դրությամբ իրանական բանտերում պահվում է վերջին ցույցերին մասնակցած 315 ցուցարար, որոնց հանդեպ դեռ դատական գործ չի հարուցվել։ Նրանց մեղսագրվում են բավականին ծանր հանցագործություններ՝ «հակակառավարական քարոզչություն», «երկրի անվտանգությունը խաթարելու համար հանցավոր համաձայնություն», «հանրային կարգի խախտում» եւ այլն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը