Ե՞րբ է «Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի» թեման մտել ԼՂ կարգավորման բանակցային օրակարգ։ Անհերքելի է՝ 1998-ի «իշխանափոխությունից» հետո։ Քաղաքականության մեջ սիմվոլիկան կարեւոր է։ Թե ինչու ԼՂ կարգավորման բանակցությունների հանդիպավայր դարձավ Սադարակը, որտեղ զինվորական վրանի տակ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը տվեցին երկկողմ հանդիպումների մեկնարկը, քչերը, երեւի, ուշադրության առան։
Գրեթե ոչ ոք նաեւ չսեւեռվեց, թե ինչու քառասունչորսօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանազատման հացերով հանձնաժողովի առաջին, այսպես ասած՝ «ճանաչողական» հանդիպումը նույնպես ծրագրվեց եւ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի հատկապես Նախիջեւանի հատվածում։ Կարգավորման 1997-ի «փուլային տարբերակում» խոսք չկար ո՛չ «Լաչինի միջանցքի», ո՛չ Ադրբեջան-Նախիջեւան «անխոչընդոտ կոմունիկացիայի» մասին։
Եթե «խաղաղության պայմանագիր» ստորագրվեր, հայկական վերահսկողությանն էր մնում նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքը, ապաշրջափակվում էին տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները։ Ինչպես էին կողմերը կարգավորելու հարցերը՝ մնում էր հետագա բանակցությունների թեմա։
1999-ին, սակայն, ծնվեց «տարածքների» կամ «միջանցքների փոխանակման» գաղափարը։ Ով էր նախաձեռնողը՝ այլեւս կարեւոր չէ։ Կար գաղափար, որ Հայաստանը «նախկին Մեղրիի շրջանը զիջում է, փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի միջանցքը»։ Մի փոքր ուշ «տարածքային փոխանակումը» տեղը զիջեց «սուվերեն միջանցքների» նախագծին։
Ի վերջո՝ 2001-ի ապրիլին, Հեյդար Ալիեւը Քիուեսթում ասաց, որ նույնիսկ իր ընտանիքի անդամներին չի կարողացել համոզել այդ նախագիծն ընդունելու նպատակահարմարության հարցում, ուստի առաջարկվող պայմանագիրը չի ստորագրի։
Ինչպես ռուսներն են ասում, դիվանագիտական «թեփը քամուն տրվեց», մնաց բանակցությունների համատեքստ բերված երկու՝ Ադրբեջանի համար գրեթե ճակատագրական նշանակության արձանագրում․ Հայաստանն է պարտավորվում ԼՂ-ի շուրջը տարածքներից դուրս բերել զորքերը, Ադրբեջանը եւ Նախիջեւանը պետք է ունենան «ցամաքային ուղիղ եւ անխոչընդոտ կապ»։
Չակերտների մեջ առնված ձեւակերպումն, ի դեպ, բառ առ բառ կրկնում է այն, ինչ տեղ է գտել Կազանի «աշխատանքային փաստաթղթում»։ Այսպիսով՝ վիճարկման ենթակա չէ, որ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը Բաքվի դիվանագիտական լեքսիկոնում տեղ ունի առնվազն 1999 թվականից։
Նոյեմբերի 9-ի Հայտարարության տեքստում դա ուղղակի, իրավական պարտավորության տեսքով, արձանագրված չէ։ Համատեքստից հասկացվո՞ւմ է՝ դիվանագիտական հմտության, բայց ավելի շատ ռեսուրսի, հնարավորությունների եւ միջազգային աջակցության խնդիր է։
Եվ Հայաստանի դիրքերն այդ հարցում ուժեղ չեն ոչ միայն արտաքին, այլեւ ներքին «պարտադրանքի» առումով։ Երկու տարուց ավելի է, ինչ ինստիտուցիոնալ ընդդիմությունը անխուսափելի է համարում «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Գրեթե նույնն է հասկացնում նաեւ իշխանությունը՝ շատ թափանցիկ ակնարկելով, որ հակառակ դեպքում «Ադրբեջանը դրան կհասնի նոր պատերազմով»։
Կայուն տպավորություն է, որ վերջին հարցազրույցում այդքան ծանրանալով Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա՝ Նիկոլ Փաշինյանը միայն «շեղում է ճնշման ուղղությունը»՝ փորձելով հանրությանը ներշնչել, որ Ադրբեջանի համար «կազուս-բելի» է ոչ թե «Զանգեզուրի միջանցքի», այլ ԼՂ կարգավորման հարցում Հայաստանի «անզիջում կեցվածքը»։
Քաղաքական այդ «հնարքի» համար Փաշինյանին կարելի է արժանին մատուցել։ Չէ՞ որ ազգային իդեա-ֆիքսը ոչ թե Հայաստանի անկախ պետականության ապագան, այլ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին «անվերապահ սատարումն» է։
Եվ եթե մեկ պատերազմ եւս լինի, ոչ ոք իշխանությանը չի մեղադրի։ Ավելին՝ ոմանք նույնիսկ դա հնարավորություն են տեսնում եւ Նիկոլ Փաշինյանին կհերոսացնեն, եթե նա Լեռնային Ղարաբաղի խնդիրը հասցնի պատերազմով շահելու (ինչի հավանականությունը բացարձակ զրոյական է) կամ ընդմիշտ կորցնելու իրականության։
Բայց դա կենսական լուծո՞ւմ է։ Եթե Հայաստանը վերաունենում է Լեռնային Ղարաբաղը, բայց «Զանգեզուրի միջանցքի» թեման լուծում չի ստանում, ապա ի՞նչ է սպասվում նրան մոտակա մի քանի տասնամյակներին։ Ուզում ենք մենք, թե ոչ, բայց աշխարհի համար Հայաստանի հարավը «պորտալար» է, թեկուզ մենք դա «Հայկական խաչմերուկ» անվանենք։
Եվ Սյունիքի գեոքաղաքական կարեւորությունը մենք չէ, որ ստեղծել կամ հայտնագործել ենք։ Ահա այս իմաստով՝ ոչ թե «միջանցքն» է պայմանավորված ԼՂ կարգավորմամբ, ինչպես Ստեփանակերտից է հնչում, որ «չլինի Արցախը, չի լինելու նաեւ Սյունիքը, ապա՝ Երեւանը»,- այլ հենց Մեղրիում է որոշվում ԼՂ կարգավորում-չկարգավորումը։
Եվ այստեղ ո՛չ Միացյալ Նահանգներն է պատասխանատու, ո՛չ Ռուսաստանը կամ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Խնդիրը կարգավորման համատեքստ ենք բերել ինքներս՝ ԼՂ-Հայաստան տնտեսա-քաղաքական, քաղաքակրթական եւ անվտանգային «երկվորյակությունը» կապելով Ադրբեջան-Նախիջեւան «սիամականության» հետ, ուրեմն պետք է կարողանանք իրավիճակից դուրս գալ լիովին չպարտված։
Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ «ցամաքային ուղղակի կապ» պետք է լինի։ Այլընտրանքը տարածաշրջանային լայնածավալ պատերազմն է։ Միակ ռեսուրսը հաղորդակցության «անխոչընդոտության» մեկնաբանության հնարավորինս փաստաթղթավորումն է։ Իսկ «միջանցքից» խուսափել չի լինի։ Եթե, իհարկե, «խելագարության կանխավարկածը բացառենք, մի բան, որ այս փուլում շատ դժվար, գրեթե անհնար է․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։